Հունվարի 20-ին Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանի Բուղաշեն գյուղում տեղի էր ունեցել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությունը, որին մասնակցել էին զոհվածի ընտանիքի անդամները, բազմաթիվ համագյուղացիներ, ինչպես նաև Ախալքալաքի սակրեբուլոյի անդամ Սամվել Պետրոսյանը։

Այսօր արդեն Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիկ հայտարարությամբ է հանդես եկել, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Բաքվում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն, որից թուրք-ազերիները պահանջել են անհապաղ միջոցներ ձեռնարկել և վերացնել կիսանդրին։ Բաքվում դժգոհել են, որ Միքայել Ավագյանի կիսանդրին կխանգարի վրաց-ադրբեջանական հարաբերություններին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև տեղեկացնում է, որ նույն հարցի շուրջ Վրաստանի ԱԳՆ-ին իր բողոքի նոտան է հղել նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովը։

Սա ո՛չ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ Ադրբեջանը բացահայտ խառնվում է հարևան Վրաստանի ներքին գործերին և թելադրում պաշտոնական Թբիլիսիին, թե ինչպիսի ներքին և արտաքին քաղաքականություն պետք է վերջինս վարի։

Հետաքրքիր է, որ հայ ազգին բազում վնասներ տված Ադրբեջանի նախկին բռնապետ Հեյդար Ալիևի հուշարձանի և նրան անունով կոչված պուրակի՝ Թբիլիսիում բացման առումով որևէ անգամ Հայաստանի իշխանությունները դժգոհություն չեն հայտնել վրացիներին։

Պաշտոնական Բաքվի հիստերիկ պահանջները Թբիլիսիից՝ քանդել Միքայել Ավագյանի կիսանդրին Բուղաշենում՝ Վրաստանի հայաբնակ Ջավախքի գյուղերից մեկում, կարող է մեծ խնդիրների պատճառ դառնալ և սրել իրավիճակը Վրաստանում։

Ադրբեջանամետ վայրահաչությամբ արդեն հանդես են եկել ընդդիմադիր որոշ վրացի գործիչներ, օրինակ՝ Վրաստանի համերաշխության և քաղաքացիական հավասարության հարցերով նախկին նախարար Պաատա Զաքարեիշվիլին, ով քննադատել է Վրաստանի իշխանություններին, ովքեր թույլ են տվել, որ Ավագյանի կիսանդրին տեղադրվի Բուղաշենում, ինչպես նաև որոշ պաշտոնյաների մասնակցությունը դրա բացման արարողությանը։
Իսկ պաշտոնական Թբիլիսին դեռ լռում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել