Երեկ հրապարակվել է 2018 թվականի լավ երկրների ցուցիչը, որտեղ Հայաստանը մեկ տարվա ընթացքում կտրուկ բարելավել է իր դիրքերը՝ 163 երկրների շարքում 75-րդ տեղից տեղափոխվելով 45-րդ հորիզոնական:

Այս միջազգային վարկանիշը մշակվում է՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի և նրա տարբեր կառույցների վիճակագրական տվյալները և նպատակ ունի պարզելու, թե աշխարհի երկրներն ինչքան ավանդ ունեն երկրագնդի և մարդկության զարգացման գործում: Այն առավել արտաքին, քան ներքին զարգացվածության ցուցիչ է, երկրի միջազգայնացման ցուցանիշ:

Անկախ քաղաքական տարաձայնություններից՝ մենք բոլորս ուրախանում և հպարտանում ենք մեր երկրի հաջողություններով, և նման հարցերը ներքաղաքական օրակարգից դուրս են:

Սակայն իշխանական մամուլը, ինչպես հաճախ, փորձել է այս առաջընթացը ևս վերագրել գործող կառավարությանը՝ մանիպուլացնելով մեր քաղաքացիներին:

Սա է պատճառը, որ ստիպված եմ արձագանքել «հայկական հրաշքի» անատոմիային:

Այս միջազգային վարկանիշը հիմք է ընդունում բացառապես նախորդ տարիների տվյալները առնվազն երկու տարվա տարբերությամբ: Օրինակ՝ 2017-ի ցուցիչը հիմնված է եղել ՄԱԿ-ի 2014-ի տվյալների վրա, 2016-ինը՝ 2011-ի տվայլների վրա և այլն:

Ակնհայտ է, որ այս տարվա վարկանիշի հիմքում ընկած են 2015-2016 թթ․ տվյալները, այսինքն՝ մեր երկրի թռիչքն այս վարկանիշային համակարգում ոչ թե Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկի, այլ նախորդ իշխանությունների աշխատանքի գնահատականն է:

Միայն ուրախ կլինեմ, եթե այս և միջազգային այլ վարկանիշներում նոր կառավարությունը հասնի Հայաստանի դիրքերի հետևողական բարելավմանը, բայց ձեր «ոտին մի գրեք», մի վերագրեք ձեզ այդ մեր ջանքերի գնահատականները:

Գնացեք աշխատեք:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել