Armdaily.am-ը գրում է.

Վաղվա Կառավարության նիստի օրակարգում է ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի օգնականի հաստիքներ ստեղծելու մասին  որոշման նախագիծը: Որոշման նախագծի մեջ նշվում է, որ ռազմական կցորդ ունենալու հանգամանքը կարևոր քաղաքական գործոն է, քանի որ Ուկրաինայում ռազմական կցորդ և Ռուսաստանի Դաշնությունում ռազմական կցորդի օգնական  նշանակելու հանգամանքը վկայում է այն մասին, որ ՀՀ-ն հատկապես կարևորություն է տալիս Ուկրաինայի և  Ռուսաստանի Դաշնության  հետ իր համագործակցությանը, ինչպես նաև ռազմական ոլորտում բարեկամական կապերի զարգացմանը: Ռազմական կցորդի  հաստիքի բացակայությունը Ուկրաինայում չի ապահովում  իրականացվող միջազգային ռազմական համագործակցության արդյունավետ, օպերատիվ կազմակերպումը, ինչպես նաև աշխատանքների կոորդինացումը: Ռազմական  կցորդները դեսպանընկալ պետություններում բոլոր օրինական միջոցներով   հավաքում են ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական տեղեկություններ, ներկայացնում այդ ոլորտներում համագործակցելու վերաբերյալ առաջարկություններ:  Ռազմական կցորդի օգնականի  հաստիքի բացակայությունը ՌԴ-ում ստեղծում է գերծանրաբեռնվածություն ռազմական կցորդի աշխատանքում, ինչպես նաև անհրժեշտ միջոցառումներին հաճախակի մասնակցության անհնարինություն:  Որոշման նախագծից ակնկալվում է աշխատանքների օպերատիվ եղանակով կազմակերպումը, ռազմական ոլորտում համագործակցության զարգացումը և կարևոր միջոցառումներին ռազմական կցորդների անմիջական մասնակցության ապահովումը: Տվյալ նախագծի ծախսերը կատարվելու են ՀՀ պետական բյուջեից՝ ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր հատկացումների միջոցների հաշվին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել