Armenpress.am-ը գրում է․

Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակի համաճարակ չկա: Վիճակն արդեն ամբողջությամբ կայունանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 23-ին հրավիրված ասուլիսում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք, անձը ուներ նաև խրոնիկ ծանր հիվանդություն: Սակայն մենք ունեցել ենք նաև բազմաթիվ հաստատված ախտորոշմամբ դեպքեր, որոնք բուժվել են: H1N1-ը ընդամենը վիրուսի մի շտամ է, որը շրջանառվում է: Բայց շրջանառվում է նաև H3N2-ի շտամը:  Սակայն մենք  գրիպի H1N1 շտամի համաճարակ չունենք, ընդհանրապես համաճարակ չունենք: Հարյուր հազար բնակչության հաշվով հիվանդացության շեմով ենք այն հաշվում, մենք այդ շեմից շատ հեռու ենք: Վիճակն ամբողջությամբ կայունանում է»,-վստահեցրեց նախարարը:

Նա հույս հայտնեց, որ մյուս շաբաթ դրա մասին խոսելու առիթ անգամ չի լինի: Նախարարը վստահեցրեց, որ բոլոր կասկածելի դեպքերը  վերահսկվում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի լաբորատորիայում: Անհրաժեշտության դեպքում քայլեր են ձեռնարկվում:

Ավելի վաղ հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք էր գրանցվել: Մահացածը եղել է կին, որ զուգահեռ ունեցել է նաև այլ հիվանդություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել