Իրավաչափը Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին որոշո՞ւմն էր, թե՞ այդ որոշումը վերացնելու մասին այսօր հրապարակված որոշումը՝ ես չեմ կարող որևէ գնահատական տալ։ Ես չգիտեմ և չեմ կարող իմանալ՝ հաջողվե՞ց արդյոք դատարանների նկատմամբ ագրեսիվ, հակաիրավական ճնշումը, թե՞ վերաքննիչ դատարանը կայացրեց բացառապես իրավունքի շահից բխող որոշում։

Ինչո՞ւ։ Որովհետև, համաձայն քրեական դատավարության օրենսգրքի, կալանքին վերաբերող դատական նիստերը դռնփակ են։

Քրեական դատավարության օրենսգրքի նախագծով, օրինակ, սահմանել էինք այլ կարգ․ այդ նիստերը, որպես կանոն, դռնբաց են։ Դռնփակ նիստը հնարավոր է, եթե առկա են դռնփակ նիստ անցկացնելու ընդհանուր հիմքեր։

Այդ մոտեցումը համահունչ է ՀՀ գործող Սահմանադրության պահանջներին։ Համաձայն ՀՀ հիմնական օրենքի 63-րդ հոդվածի՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
2. Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով»։

Ինձ կարող են առարկել «նախաքննական գաղտնիքի» փաստարկով։ Ինչպես հինգ տարի առաջ, այնպես էլ հիմա դրան կպատասխանեմ հակիրճ․ հրապարակայնության սահմանադրական շահն ինքնին ավելի բարձր է, քան «նախաքննության շահը»՝ բացառությամբ, եթե առկա են կոնկրետ գործի փաստերով պայմանավորված հատուկ հանգամանքներ։

Հուսով եմ՝ մարդու իրավունքներին վերաբերող այս խնդիրը կհետաքրքրի նաև ԱԺ պատգամավորներին, հակառակ դեպքում կմտածեմ խնդիրը ռազմավարական դատավարությունների միջոցով դատական մարմինների առջև բարձրացնելու մասին։

ՀԳ․ Շահարկումներից խուսափելու համար հստակեցնում եմ, որ Մանվել Գրիգորյանի գրավի գործով թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարանի դատավորներին համարում եմ բարձր պրոֆեսիոնալներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել