168.am-ը գրում է.

Գարնանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, Միացյալ Նահանգներում սպասվում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը։

Թեև ՀՀ ԱԳ նախարարության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ դեռևս ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա, և նախարարությունն ըստ կարգի նախապես տեղեկացնում է նման հանդիպումների մասին, հիմնավոր տեղեկություններ են շրջանառվում, որ նման հանդիպում առաջիկայում կայանալու է։ Հիշեցնենք նաև, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին ուղղած ուղերձում նշել էր. «ԱՄՆ-ը աջակցում է բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին»:

«168 Ժամի» հարցին, թե ինչպիսի՞ օրակարգ և արդյունքներ կունենա Մնացականյան-Պոմպեո հանդիպումը՝ կայանալու դեպքում, ամերիկացի վերլուծաբան, նախկին դիվանագետ Փոլ Գոբլը պատասխանեց, որ օրակարգը շատ լայն կարող է լինել, սակայն երկու կողմերի համար պրակտիկ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակն այդքան էլ մեծ չէ, և դրա համար կան որոշ օբյեկտիվ պատճառներ:

Ըստ նրա, Հայաստանի նման երկրների հետ հարաբերությունները համակարգվում են ոչ ամենաբարձր մակարդակով, քանի որ քիչ են ընդհանուր շահերը, և ԱՄՆ-ի համար կան շատ ավելի խոշոր աշխարհաքաղաքական առաջնահերթություններ ու խնդիրներ՝ հատկապես ներկայումս, որով պետք է զբաղվի վերին ղեկավարությունը, և նման դեպքերում նախաձեռնողականությունը կարծես պատկանում է մյուս կողմին, այս դեպքում՝ Հայաստանին:

«Հարաբերությունների նման մոդել գործում է այլ երկրների և կազմակերպությունների դեպքում ևս, ինչպիսին Եվրոպական միությունն է, ԵՄ կենտրոնական երկրները, մասամբ՝ Ռուսաստանը, և այլն: Դա ինչ-որ տեղ նաև բնական է: Սակայն ես մշտապես պնդել եմ, որ Հայաստանը կարևոր տարածաշրջան է, և լավ չէ, երբ ավելի մեծ ներգրավվածությամբ աշխատանք չի տարվում այս ուղղությամբ, այլ գործում է հարաբերությունների այն մոդելը, որը հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը դնում է միայն մեկ կողմի վրա:

Երկկողմ հարաբերությունների կենտրոնական հարցը դիտարկվում է ԼՂ հակամարտության կարգավորումը, որն արտացոլվում է ներկայիս ամերիկացի պաշտոնյաների բոլոր հրապարակային անդրադարձներում, խոսքը և՛ նախագահ Դոնալդ Թրամփի, և՛ խորհրդական Ջոն Բոլթոնի մասին է, քանի որ դա կթուլացնի Իրանի և Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում, բայց, ինչպես ավելի վաղ եմ ասել, Ռուսաստանը թույլ չի տալու դա: Եվ ԼՂ հակամարտության կարգավորումը դիտարկվում է մի գործընթաց, որը կարող է նպաստել հետագա քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության ընդլայնմանը:

Բայց այս ամենի հարցում առաջընթաց չի լինի, եթե հայկական կողմն իր հստակ պատկերացումն ու օրակարգը չառաջարկի, քանի որ Թրամփի վարչակազմի քաղաքականության էությունը բոլոր ռեսուրսները երկրի ներսում կենտրոնացնելն ու տրամադրելն է ամենաառաջնային խնդիրներին: Հայաստանը ներկայիս վարչակազմի հետաքրքրությունների այդ շրջանակից դուրս է գտնվում, Կոնգրեսում հստակ այլ տրամադրություններ չկան, ուստի երկկողմ այն օրակարգը, որը ներկայումս հարկավոր է անցումային փուլում Հայաստանին, խոսքը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, անվտանգության ոլորտի, բարեփոխումների մասին է, պետք է հետաքրքրի Հայաստանին, քանի որ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներ չկան, ԱՄՆ-ի ներգրավման այլ թեմաներ չկան, ուստի Հայաստանն իր կողմից՝ պետք է քայլեր իրականացնի հարաբերությունները զարգացնելու համար:

Հետևաբար՝ եթե նման հանդիպում ծրագրվում է, դրա բովանդակային կողմը պետք է լավ մշակված լինի, դա կարևոր է: Հայաստանի դիրքորոշումը երկկողմ հարաբերությունների հարցում և ԼՂ հակամարտության կարգավորման թեմայի վերաբերյալ պետք է հստակ հնչի, քանի որ դա գուցե լինի Հայաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների միջև երկրորդ կարևոր հանդիպումը, որովհետև առաջինը դիտարկվում է ամռանը նախագահի հանդիպումը Պոմպեոյի հետ:

Բացի Պետքարտուղարությունից, պետք է կապեր փնտրվեն ավելի բարձր օղակների հետ, և դիվանագիտությունը պետք է աշխատի ճկուն կերպով՝ նոր դեսպանի և դիվանագիտական խողովակների միջոցով»,- ասաց Փոլ Գոբլը:

Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն իր հերթին՝ ասաց, որ հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության կարևորությունը, որն այժմ դրսևորվում է ըստ էության առավելապես ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում, Հայաստանն ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի տարածաշրջանում Ռուսաստանի գերակա ազդեցությունը հավասարակշռվի Նահանգների միջոցով:

«Հասկանալի է նաև, որ ԱՄՆ-ը ինքը չի մխրճվելու այս տարածաշրջան՝ չունենալով հստակ հետաքրքրություններ. ազդակները պետք է գան տարածաշրջանային երկրներից: Նման աշխատանքի լավ օրինակ է Վրաստանը, որը, բացի այն, որ հատուկ բնույթի հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ և ինտեգրացիոն վեկտոր դեպի Արևմուտք, այլև կարողանում է արդյունավետ աշխատել, ներդրումներ ներգրավել, ծրագրեր, փորձ բերել Վրաստան, քաղաքական համագործակցության մակարդակը պահպանել:

Իհարկե, չեմ բացառում, որ այս ամենում կա ինտեգրացիոն վեկտորի նշանակությունը, քանի որ դա պարգևատրում է Վրաստանին իր վեկտորի համար, բայց կա նաև շահագրգռված աշխատանք: Եվ եթե Հայաստանը ձգտում է ժողովրդավարության և արդեն ժողովրդավարական է, ինչպես պնդում են իշխանությունները, պետք է ժողովրդավարական երկրների հետ կապը խորանա, քանի որ դա է ժողովրդավարական լավագույն փորձը ներդնելու ճանապարհը:

Բայց այս պահի դրությամբ որևէ փոփոխություն նկատելի չէ Հայաստան-Արևմուտք հարաբերություններում, դրանք կարծես անտեսված են, բայց եղել են բազմաթիվ այցեր դեպի Ռուսաստան, կամ եվրասիական ուղղությամբ, թեև ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ վեկտորները չեն փոխվել: Բայց հայտարարել են նաև, որ խորանալու են հարաբերությունները:

Դեռ այդ միտումները չեն երևում քաղաքականության մեջ, գուցե դա ճնշում է ներքին օրակարգը, քանի որ ԼՂ հակամարտությունը, որն ամենակարևոր արտաքին քաղաքական թեման է հայկական կողմի համար, ևս ակտիվ բանակցային փուլում չէ»,- ասաց Հալբախը:

Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ շատ չեն բարձրաստիճան հանդիպումները, անկախ ներկայիս հետաքրքրություններից և հնարավորություններից, դրական կլինի Մնացականյան-Պոմպեո հանդիպումը:

«Հնարավորություն կլինի քննարկել երկկողմ կարևորություն ներկայացնող թեմաները, մտքեր փոխանակել, ինչպես միշտ: Մեծ փոփոխություններ դեռ չեմ ակնկալում, քանի որ ամերիկյան կողմն ակնկալում է, որ ՀՀ իշխանությունները պետք է լուծեն ԼՂ հակամարտությունը, դա ելակետային թեմա է դարձել ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում, իմ տպավորություններով»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել