168.am-ը գրում է.

Ազգային ժողովում սպասում են կառավարության ծրագրին։ Կառավարության ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում վարչապետն այն պետք է ներկայացնի խորհրդարանի դատին:

Մինչ այդ ԱԺ նիստերի ընդմիջում է հայտարարված։ Կառավարության ծրագրից առաջ կամ միաժամանակ գործադիրը, ըստ ամենայնի, կներկայացնի նաև կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը։ Այստեղ ամենախնդրահարույցը, թերևս, ուժային կառույցների՝ ոստիկանության ու ԱԱԾ-ի վերահսկողության հարցն է։ Իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից պարզ է, որ դրանք նախարարություններ չեն դառնալու և շարունակելու են մնալ վարչապետի ենթակայության տակ։

Մինչդեռ, ոչ վաղ անցյալում՝ անցած տարվա մայիսի 1-ին, վարչապետի ընտրությունների ժամանակ իր ելույթում այդ պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություններ կառավարության կառուցվածքում և ենթարկվեն խորհրդարանին։

«Ասել եմ և կրկնում եմ, որ Հայաստանում ստեղծվել է կառավարման սուպերվարչապետական մոդել, որում ԱԱԾ-ն և ոստիկանությունը ենթարկվում են վարչապետին։ Դա պետք է փոխվի, և ես կրկին հայտարարում եմ այդ մասին։ Կարծում եմ, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություններ և պետք է հաշվետու լինեն խորհրդարանին, այլ ոչ թե անձամբ վարչապետին»,- հայտարարել էր Փաշինյանը՝ հաստատ խոստանալով, որ կանի այդ փոփոխությունը։

Ուշագրավ է, որ ավելի վաղ՝ 2018-ի մարտին, ՀՀԿ-ական նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում կառավարման համակարգի մարմինների մասին օրինագծի քննարկումների ժամանակ, որով ուժայինները կառավարության ենթակայությունից անցնում էին վարչապետի ենթակայության տակ, ոստիկանությունն և ԱԱԾ-ն նախարարություն չդարձնելը հիմնավորում էր դրանք չքաղաքականացնելու գործոնով։ «Պետության շենքը կառուցվում է մարմինների վրա, որոնք քաղաքականություն են վարում։ ԱԱԾ-ն քաղաքականություն չի վարում, իսկ, օրինակ, ՊՆ-ն վարում է: Սա է սկզբունքային տարրը՝ որոշելու համար՝ այն ծառայությո՞ւն է, թե՞ նախարարություն: ՊՆ-ն ընդունում է ենթաօրենսդրական ակտեր, իսկ որևէ ծառայության համար նման բան չենք նախատեսել»,- հայտարարել էր Դ.Հարությունյանը՝ հավելելով, որ խոսքը նաև ոստիկանության մասին է։

Այժմ նույն հիմնավորումը կրկնում է ՀՀԿ-ին այդքան քննադատած Փաշինյանի իշխանությունը։ Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ձևաչափերի փոփոխության արդյունքում չպետք է վերածվեն նախարարությունների, այսինքն՝ քաղաքական կառույցների»։
Նա պնդեց, թե հիմա դրանք քաղաքականացված չեն, բայց նախկինում քաղաքականացված էին, և այդ կառույցների ղեկավարները ծառայում էին նեղ կուսակցական, նույնիսկ անձնական շահերին. «Եթե նախկինում ոստիկանների ինստիտուտն անձնական անվտանգությունն ապահովող ինստիտուտի էր վերածվում, այսօր բացառապես ՀՀ քաղաքացու անվտանգությունն է ապահովում»:

Ամեն դեպքում, ըստ Մակունցի, այդ կառույցները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին, և այսօր արդեն կան այդ լծակները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ միանշանակ է, որ ուժային կառույցները պետք է բերվեն խորհրդարանական վերահսկողության դաշտ: Ըստ նրա՝ բազմաթիվ առիթներ են եղել համոզվելու, որ խորհրդարանը չի կարողանա որևէ կերպ իրականացնել այդ կառույցների նկատմամբ վերահսկողություն, որովհետև չլինելով կառավարության անդամ, այդ կառույցների ղեկավարները պարտավոր չեն ներկայանալ խորհրդարան և պատասխանել հարցերի, հետևաբար՝ քաղաքական վերահսկողությունից դուրս են մնում, իսկ պատասխանատվությունն այդ դեպքում մնում է վարչապետի վրա:

«Այն, ինչ թույլատրելի չէր ՀՀԿ-ին, չի կարելի թույլատրելի լինի «Իմ քայլի» համար, ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարելի թույլատրելի լինի Նիկոլ Փաշինյանի համար, այսինքն՝ չպետք է մնա իշխող ուժի քաղաքական կամքի հույսին, պետք է լինեն ինստիտուտներ»,- իր հերթին՝ հայտարարեց ԼՀ-ի խոսնակ Անի Սամսոնյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի շտապում կարծիք հայտնել։ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դիտարկմամբ՝ քանի որ նախագիծը ներկայացված չէ Ազգային ժողով, ԲՀԿ-ում քննարկում չի եղել, և կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին դիրքորոշում չկա. «ԲՀԿ-ն երբեք չի շտապում կարծիք հայտնել: Մենք ոչ կարիք ունենք  անհարկի սատարել կառավարությանը, ոչ էլ թաքցնել մեր դիրքորոշումը: Միգուցե կառավարությունը ներկայացնում է մի այնպիսի ձևաչափ, որով հօդս  են ցնդում մեր մտավախությունները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել