Ազատության արձանը կառուցվել է 1886 թ. հոկտեմբերի 28-ին։ Ֆրանսիացիներն արձանը նվիրել են ամերիկացի ժողովրդին՝ ի նշան Ֆրանսիայի և Ամերիկայի ընկերության։ Հետագա տարիներին արձանը դարձավ նաև ամերիկացի ժողովրդի ազատության խորհրդանիշը, ԱՄՆ-ի և Նյու Յորքի խորհրդանիշը։

Հուշարձանի ստեղծումը վերապահված էր ճարտարապետ և քանդակագործ Ֆրեդերիկ Բարտոլդիին։ Սահմանվել էր ժամկետ․ 1876-ին պետք է ավարտվեր հուշարձանի կառուցումը, որպեսզի այն նվիրվեր ԱՄՆ անկախության հռչակման հարյուրամյակին։ Համարվում է, որ այն համատեղ ֆրանս-ամերիկյան նախագիծ է։ Պատվանդանի վրա աշխատել են ամերիկացիները, իսկ հենց ինքը՝ արձանը, կառուցվել է Ֆրանսիայում։ Նյու Յորքում արձանի բոլոր մասերը միացվել են և տեղադրվել։

Կառուցումը սկսելուց հետո պարզ դարձավ, որ ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ, քան նախատեսվել էր ի սկզբանե։ Երկու երկրներում էլ տարատեսակ բարեգերծական միջոցառումներ էին իրականացվում՝ միջոցներ հավաքելու համար։ Քանի որ փորձառու ինժեներ էր հարկավոր, Ալեքսանդր Գուստավ Էյֆելը՝ Էյֆելյան աշտարակի ստեղծողը, անձամբ է մշակել հուշարձանի որոշ հատվածներ։

1885-ի օգոստոսին ԱՄՆ-ին հաջողվեց հավաքել անհրաժեշտ գումարը, և միաժամանակ ֆրանսիացիներն արդեն վերջացրել էին իրենց բաժին աշխատանքն ու արձանի մասերը տեղափոխել էին Նյու Յորք։ Ազատության արձանը բաժանել էին 350 մասի և 214 արկղերով տեղափոխել էին «Իզերե» ֆրիգատով։ 4 ամսում հուշարձանի բոլոր մասերը հավաքվեցին, և 1886 թ. հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ լեգենդար հուշարձանի հանդիսավոր բացումը։ Այնպես ստացվեց, որ 100-ամյակի նվերն ուշացավ 10 տարով։ Հարկ է նշել, որ ջահն ու ձեռքը հավաքվել էին ավելի վաղ և անգամ ցուցադրվել էին Ֆիլադելֆիայում 1876-ին։

1982-ին հուշարձանի վերականգնում տեղի ունեցավ։ Նախագահ Ռոնալդ Ռեյգանն անձամբ էր վերահսկում այս գործընթացը՝ ղեկավար նշանակելով Լի Յակոկին։ Կրկին միջոցներ սկսեցին հավաքել և կուտակեցին 87 մլն դոլար։ Գումարն այս անգամ հաջողվեց հավաքել բավականին կարճ ժամանակահատվածում, որն էլ դարձավ ԱՄՆ պատմության մեջ ամենահաջող դեպքը՝ պետության և մասնավոր սեկտորի համագործակցության բնագավառում։ 1984-ին Ազատության արձանը մտավ համաշխարհային նշանակություն ունեցող հւշարձանների թվում։ 1986-ի հուլիսի 5-ին հուշարձանի հարյուրամյակի պատվին համալիրը կրկին բացվեց՝ այցելությունների համար։ Այս անգամ հաջողվեց 10 տարի չուշանալ։

Արձանի վերին հատված են տանում 354 աստիճաններ, իսկ պատվանդանի վերին հատված՝ 192։ Թագի վրա 25 պատուհան կա, ինչը խորհրդանշում է Երկրի թանկարժեք քարերն ու արևի ճառագայթները, որոնք լուսավորում են աշխարհը։ Թագի յոթ ճառագայթները խորհդանշում են ծովերն ու մայրցամաքները։ Արձանի ձախ ձեռքի աղյուսակում գրված է՝ «1776 թ. հուլիսի 4»։

2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո արձանն ու կղզին փակվեցին ահաբեկչական վտանգների պատճառով, սակայն 2009-ին էքսկուրսիաները վերականգնվեցին։ Բոլոր այցելուները հատուկ ստուգում են անցնում՝ ահաբեկչական ակտերից խուսափելու համար։

1886 թ. հոկտեմբեի 28-ին արձանի հանդիսավոր բացման օրը նախագահ Գրոուվեր Քլիվլենդն ասել է. «Մենք միշտ կհիշենք, որ Ազատությունն այս վայրն ընտրեց որպես իր տուն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել