Analitik.am-ը գրում է․

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի մասով դատախազության բողոքը բավարարվեց Վերաքննիչ քրեական դատարանի կողմից, ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը բեկանվեց, և Մանվել Գրիգորյանը կկալանավորվի: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց հսկող դատախազ Վահագն Մուրադյանը:

Այսպիսով, Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի:

Ըստ դատարանի որոշման՝ Մանվել Գրիգորյանը կկալանավորվի այսօր:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության բողոք էր բերել Վերաքննիչ քրեական դատարան՝  Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ։ Ավելի վաղ՝  դեկտեմբերի 21-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։

Մանվել Գրիգորյանը կալանավորված էր հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել