#МногоБукфф

Էս մարզպետների կողմից ինքնապարգևատրվելու կապակցությամբ հետաքրքիր դիսկուրս է ծավալվում, որում, սակայն, կա որոշակի դուալիզմ, և այդ դուալիզմը հակասականություն ունի։

Մի կողմից՝ իրավացի են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ պետական կառավարման մասնակիցների աշխատավարձերը պետք է բարձրացվեն այնքան, որ գոնե մրցունակ լինեն մասնավոր սեկտորի աշխատավարձերի հետ։ Որպես հիմնավորում՝ արդարացիորեն բերվում է այն փաստարկը, որ հակառակ դեպքում անհասկանալի է, թե հանուն ինչի պետք է որակյալ կադրերը գերադասեն աշխատել պետական սեկտորում։ Դիցուք՝ ունես լավ տնտեսագետ-ֆինանսիստ, ով կարող է աշխատել մասնավոր բանկում և ստանալ, օրինակ, 600․000 դրամ և ունենալ աճի հեռանկար՝ մինչև ամսական մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ենթադրող պաշտոնների տեսքով, կամ էլ պետք է գա պետական սեկտոր ու աշխատի 100-200․000 դրամ և իմանա, որ անգամ եթե դառնա ֆինանսների նախարար, ռոճիկը տենց 1 միլիոն դրամի կարգի է լինելու։

Պարզ է, որ ոչ մի ողջամիտ մարդ էլ չի գնա պետսեկտոր, եթե այնտեղ չունենա կողմնակի եկամուտների ակնկալիք ու «դաբրո»։ Նախկինում այս խնդրին տնավարի լուծում էին տվել, ընդ որում՝ այնպես չէր, որ քարտ բլանշ էին տալիս թալանին։ Որոշ դեպքերում «լևի փողի» վրա էին աչք փակում, որոշ դեպքերում էլ տվյալ բարձրակարգ մասնագետ-պաշտոնյան ամսվա վերջում ստանում էր կանխիկ փողով լցված ծրար այս կամ այն գործարարոտ դեմքից։ Պարզ է, որ էդ գործարարոտ դեմքն էլ ալտրուիստական մղումներից ելնելով դա չէր անում, այլ որովհետև կար համապատասխան դրվածք իշխանական վերնախավի կողմից։ Լավ է դա, թե վատ՝ քննարկելի է, բայց մեր իրականության պայմաններում այս մոդելը քչից-շատից աշխատում էր։

Արդի իրականությունում այս մոդելն այլևս չկա, բայց դա չի ռացիոնալիզացնում մարզպետների ինքնապարգևատրումները։ Բացի նրանից, որ դա բոլոր առումներով, այդ թվում՝ էսթետիկ, տհաճ նստվածք է թողում, նաև հակասության մեջ է մտնում լավագույն կադրերի բարձր վարձատրություն ստանալու անհրաժեշտության թեզիսի հետ։ Ախպոր պես, օրինակ, Արարատի մարզպետ Միստր 40000 հեկտարից ի՞նչ լավագույն կադր։ Դուալիզմը հենց դրանում է, որ, իհարկե, շեշտակի ավելի բարձր աշխատավարձ է պետք լավագույն կադրեր ունենալու համար, բայց, ինչպես ասվում է, աթոռներն՝ առավոտյան, փողերը՝ երեկոյան, փողերը երեկոյան։ Ասել է, թե՝ ոչ թե սկզբում պետք է բարձր աշխատավարձ, այլ սկզբում պետք են բարձրակարգ կադրեր։

Ընդ որում, եթե այդ բարձրակարգ կադրերն իրոք կան Նիկոլի կողքին, որոնց հետ է պահում միայն ցածր վարձատրությունը, ապա գոնե որպես ժամանակավոր լուծում կարող էին կիրառել նախկինում գործած մոդելը, որովհետև կանխիկով ծրարներ բաժանող գործարարոտ դեմքերը ոչ մի տեղ չեն կորել ու հիմա էլ այս իշխանությունների կողքին են (ու կլինեն մյուս ու էն մյուս իշխանության կողքին, քանի որ դա է կապիտալիստական հասարակարգի տրամաբանությունը), բայց դա չի արվում։ Թե ինչո՞ւ՝ բարդ է ասել։ Ոմանք կարող են ասել, որ Նիկոլն ու իր թիմը սկզբունքորեն չեն ուզում հին մեխանիզմներին դիմել, երկրորդները կարող են ասել, որ հենց նույն Միստր 40000 հեկտարի տիպի դեմքերն են դրան խիստ դեմ, որովհետև պրոֆեսիոնալ կադրերի ներհոսքը ենթադրում է թրաշամանուկների արտահոսք, երրորդներն էլ հղում կանեն բանալ մարդկային ագահությանն ու կասեն, որ նույն էդ կանխիկով ծրարները ոչ մի տեղ էլ չեն կորել, պարզապես եթե առաջ մի 50-100 հոգու մեջ էին բաշխվում, ապա հիմա՝ 5-10 (տե՛ս Նիկոլի ու իր ընտանիքի զգեստապահարանի ու կյանքի որակի թվային արտահայտության կտրուկ փոփոխությունը)։

Բայց և այնպես, մի բան աներկբա է՝ կարելի է երկար տեսական քննարկումներ ծավալել այն մասին, թե ինչ լավ կլիներ, որ լավագույն կադրերը գային պետական սեկտոր, և ինչ մեխանիզմներով կարելի է հասնել դրան, բայց Միստր 40000 հեկտարը մնալու է Միստր 40000 հեկտար՝ անկախ նրանից, թե 400․000 կլինի նրա ռոճիկը, թե 4 միլիոն, իսկ որ առավել կարևոր է, եկեք չմոռանանք, որ թե՛ Միստր 40000 հեկտարը, թե՛ մնացած պանծալի երիտները պատահական չեն այն ինտելեկտուալ ու մասնագիտական մակարդակի վրա, որն ունեն։ Վերջիվերջո, իզուր չեն ասում՝ короля делает свита, բայց ոչ պակաս ճշմարտացի է նաև այն պնդումը, որ Король делает свиту:

Մի խոսքով՝ փակ շրջան է, բայց դուք մի շեղվեք ու ոչխար պահեք։

#ԿախարդականՄուտիտը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել