Tert.am-ը գրում է.

Հայաստանը ԵՄ-ի հետ որևէ խնդիր չունի, և Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ կապված խնդիրների մասին մտահոգությունները նախկին իշխանությունների կողմից ոչ թե քաղաքական, այլ զուտ անձնական հայտարարություններ են առանց փաստարկների:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: «Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, ես այդ խնդիրները չեմ տեսնում, հակառակը՝ հանդիպում եմ տարբեր երկրների գործընկերների, դեսպանների, դիվանագիտական անձնակազմի հետ, նրանք բոլորը գոհ են ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններից և հատկապես ընտրություններից, և, իհարկե, դա մեծ պլան կլինի մեր եվրոպական  գործընկների հետ նոր հարաբերություններ ստեղծելու համար »,-ասաց նա:

Ըստ Իգիթյանի՝ համաձայնագրի վավերացման դանդաղեցման մասին հայտարարությունները կեղծ օրակարգ են: «Մեզ ներքաշում են կեղծ օրակարգի քննարկման, որովհետև ամեն երկիր ունի վավերացման իր գործընթացը, և դա կապված է տեխնիկական խնդիրների հետ, ընտրությունների և այլ երևույթների հետ, և կոնտեքստից հանված ձևով վերցնել ու մատնացույց անել մի երկիր՝ ասելով՝ ահա նայեք, նրանք առայժմ չեն վավերացրել, դեմագոգիա է»,-ասաց նա:

Նա օրինակ բերեց Հայաստանը, որտեղ միայն նոր է ձևավորվել խորհրդարան. «Ըստ էության, ապրիլից ՀՀ ԱԺ-ն չի աշխատում, որովհետև նախորդները զբաղված էին խորհրդարանում իրենց տեղը պահելով, հետագայում եղել են ընտրություններ, և հիմա էլ նոր ձևավորում են ԱԺ-ն: Ես չեմ բացառում, որ այս ընթացքում կարող էին վավերացնել որոշ համաձայնագրեր, բայց պատկերացրեք, որ մեր գործընկերներից որևէ մեկն ասեր, որ ահա, նայեք, 7 ամիս ՀՀ-ն որևէ համաձայնագիր չի վավերացնում, և որևէ մեկը դա ներկայացնի որպես դիվանագիտական, քաղաքական մոտեցում:  Դա զուտ տեխնիկական հարց է, և ամեն մի խորհրդարան ունի նման տեխնիկական հարցեր»:

Պատգամավորը պնդեց, որ քաղաքական գործընկերային վիճակը անհամեմատ  ավելի վստահելի է: «Այսօր ԵՄ-ն ՀՀ-ին նայում է որպես լուրջ գործընկերոջ, ոչ թե որպես մի երկիր, որը զբաղվել է միշտ իմիտացիոն գործընթացներով, իբր ժողովրդավարություն էինք կառուցում, իբր կոռուպցիայի դեմ էինք պայքարում, իբր մարդու իրավունքների համար էինք պայքարում, բայց իրականում Հայաստանը գնում էր դեպի հետ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել