Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետը նշանակվելուց հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Այսօր լրացավ հնգօրյա ժամկետը, և կառավարությունը ձևավորված է։

Նշենք, որ, Հայաստանի օրենսդրության համաձայն, եթե կառավարության 2/3-ը նշանակվում է, ապա կառավարությունը համարվում է ձևավորված։

Այսպես՝ այսօր Հայաստանի վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրերով՝

Արտակ Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարար,
Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարար,
Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարար,
Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարար,
Զարուհի Բաթոյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,
Զոհրաբ Մնացականյանը՝ արտաքին գործերի նախարար,
Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարար,
Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար,
Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,
Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար,
Արայիկ Հարությունյանը՝ կրթության, գիտության նախարար,
Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար։

Ավելի վաղ Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը նշանակվել էին փոխվարչապետների պաշտոնում։

Ինչ վերաբերում է սփյուռքի, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններին, ապա դրանք օպտիմալացվելու են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ սփյուռքի հետ հարաբերությունները համակարգելու է վարչապետի աշխատակազմը։

«Ես համարում եմ, որ մշակույթն ունի գործնական նշանակություն՝ մարդկանց, քաղաքացիների կրթական ցենզը բարձրացնելու, այսինքն՝ մշակույթն առաջին հերթին կրթական նշանակություն ունի»,- ասել էր վարչապետը՝ ակնարկելով կրթության, գիտության ու մշակույթի նախարարությունների միավորման հնարավորությունը:

Օպտիմալացման այս գործընթացը պահանջում է փոփոխություններ կատարել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում, որը հավանաբար կներկայացվի հունվարի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ։

Նկատենք, որ կառավարության ձևավորման գործընթացին, Սահմանադրության համաձայն, հաջորդում է կառավարության գործունեության ծրագրի ներկայացումը խորհրդարանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել