Չէին սպասում Այվազովսկու կտավին․․․

Օրերից մի օր գյուղական դպրոցի շենքը շրջափակվում է ԱԱԾ և ոստիկանության մեքենաներով։ Երեխաների և ուսուցիչների շրջանում իրարանցում է, նրանք վազվզում են միջանցքներով և կարծում, թե դպրոց հյուր է եկել ՀՀ նախագահը, վարչապետը կամ որևէ օլիգարխ։ Բայց ոչ, ո՜վ հուսախաբություն, դպրոց են բերել Այվազովսկու կտավը, որին չէրն սպասում։ 

Սա՝ կատակ, իսկ եթե լուրջ, ապա ո՞ւմ գլխում է ծագել, տեսնես, կտավները դպրոցներով զբոսեցնելու մտահղացումը, և ամենակարևորը՝ քանի՞ կտավ տարեկան կդրվի շրջանառության մեջ՝ որպես արժույթ։ Նաև քանի՞ ոստիկանության, անվտանգության աշխատակից է կցվելու գեղանկարները պահպանելու ու անփորձանք շրջագայությունն ապահովելու անձնվեր գործին։

Այո, արվեստի կրթությունն, իմ կարծիքով, ամենակարևորն է, և արվեստի պատմություն, գեղագիտություն ու երաժշտություն պետք է դասավանդվեն յուրաքանչյուր դպրոցում։ Երեխաներն արվեստի պատմություն պետք է անցնեն, ունենան փայլուն կահավորված դասասենյակներ, ինտերակտիվ շրջագայություններ կատարեն աշխարհի տարբեր թանգարանների դահլիճներով, հաղորդակից դառնան համաշխարհային մշակույթին, որից, ի դեպ, քիչ բան կա Հայաստանում, այլ ոչ նկարն արժևորեն այն ուղեկցող շքախմբից ելնելով (այն շքախմբից, որը սովորաբար ուղեկցում է պաշտոնյաներին ու օլիգարխներին)։ Նաև համաշխարհային կրթական պրակտիկան ցույց է տվել, որ երեխաներին փակել միևնույն տարածքում և ակնկալել լայն մտահորիզոն ուղղակի անհնար է։ Եվրոպական կրթական համակարգը մեծացրել է բաց դասերի սպեկտորը՝ դասերն անցկացնելով բնության գրկում, թանգարանում, գիտական լաբորատորիաներում, թատրոններում ու համերգասրահներում։ Ավելին, օրինակ, Գերմանիայի տարբեր նվագախմբերի երաժիշտներն ունեն ծրագիր, որի շրջանակներում պարբերաբար՝ փոքրիկ խմբեր կազմելով, այցելում ու համերգներ են տալիս դպրոցներում՝ ծանոթացնելով երեխաներին երաժշտական գործիքներին և հաղորդակից դարձնելով դասական երաժշտությանը։ Այդպիսով, եթե անգամ երեխան չդառնա երաժիշտ, ապա կդառնա գրագետ ունկնդիր, որը մշակութային քաղաքականության համար շատ կարևոր է, քանի որ Գերմանիայի ամենափոքր քաղաքում անգամ երաժշտական կյանքն ավելի ակտիվ է, քան այլ երկրների համանման ավաններում։ 

Միգուցե ուսումնասիրեք այլ երկրների պրակտիկան ու նոր որևէ ծրագիր մշակե՞ք, չէ՞ որ մշակութային կրթության ոլորտում լուրջ առաջընթացներ գրանցած երկրներ կան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել