Facebook-ն ամենաշատ օգտագործվող բջջային հավելվածն էր 2018թ.-ին, իսկ Messenger-ը՝ ամենաշատ բեռնվողը:

Նման տվյալներ է հրապարակել AppAnnie հետազոտական ընկերությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը», վկայակոչելով USA Today պարբերականը: Զեկույցը նաև ցույց է տալիս, որ 5 ամենաշատ օգտագործվող և բեռնվող ծրագրերից 4-ը պատկանում են Facebook-ին՝ Facebook, WhatsApp Messenger, Messenger և Instagram: Ըստ ընկերության փոխնախագահի, սպառողներին «կարող է դուր չգալ ապրանքանիշը, բայց նրանք սիրում են հավելվածը»:

Facebook-ը անցյալ տարի վարկաբեկվել է օգտատերերի անհատական տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալներով, սակայն, ինչպես նշում է զեկույցը «ակնհայտ է, որ օգտվողների մեծամասնությունը առաջնահերթությունը դնում է հարմարավետության և սովորույթների վրա, այլ ոչ թե գաղտնիության»:

Ընդհանուր առմամբ, անցյալ տարի սպառողներն իրենց հեռախոսներում և պլանշետներում ներբեռնել են մոտ 194 միլիարդ հավելված, իրենց ժամանակի կեսը անցկացրել են սոցցանցերում, 15%-ը՝ վիդեոհավելվածներում, օրինակ Netflix-ում և 10%-ը՝ խաղերի դիմաց: Ըստ AppAnnie-ի՝ մարդիկ իրենց հեռախոսներում միջինում ունեն մոտ 100 հավելված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել