Armsport.am-ը գրում է.

Հունվարի 14-ից Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում կանոէ և բայդարկա մարզաձևերի երեքական մարզիկներ:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ պարապմունքները ղեկավարում են հավաքականի մարզիչներ Մարտին Շահվալադյանը (բայդարկա) և Ավետիք Մալխասյանը (կանոէ):

Հավաքը կազմակերպվել է ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները բարելավելու նպատակով:

Թիավարները զբաղվում են դահուկավազքով, լողով, աշխատում են մարզոցներով, վարժասարքերով, ձյան վրա և լողավազանում կատարում են հատուկ վարժություններ:

Կանոիստների համար մրցաշրջանում առաջնայինը Մինսկում հունիսին անցկացվելիք եվրոպական մարզական երկրորդ խաղերում լավ հանդես գալն է: Տղաներն այնտեղ կմրցեն 1000 մետր ջրուղում:

Բացի այդ, նրանք բայդարկավարների հետ հանդես կգան օգոստոսին Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնությունում, որտեղ կվիճարկվեն Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Թիավարների ուսումնամարզական ծաղկաձորյան հավաքը կավարտվի հունվարի 31-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել