«ՀՀ կառավարությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջությամբ չի կազմավորվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե առաջիկայում կնշանակվի Կառավարության անդամների 2/3-ը միայն: Ու քանի որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը նախատեսում է Կառավարության անդամների առնվազն 2/3-ի նշանակման դեպքում այն համարել կազմավորված, իրավական առումով հարցը համարվելու է լուծված: Եթե հաշվի առնենք փաստը, որ Կա­ռավարության անդամ են համարվում ոչ միայն նախարարները, այլև վարչապետն ու երեք փոխվարչապետները՝ ընդհանուր 21 հո­գի, նշանակում է՝ պետք է նշանակված լինի առնվազն 14 հոգի: Ենթադրվում է՝ չեն նշանակվի առաջին փոխվարչապետ (այս պաշ­տոնը նախատեսված է հանել) և 6 նախարարներ:

Ստեղծված իրավիճակի պատճառը Կառավարության կառուցվածքում նախատեսված փոփոխություններն են: Թեև նախարարու­թյունների թվի կրճատման գաղափարի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ օգոստոսի 17-ին իր պաշ­տոնավարման 100 օրվա ելույթում, սակայն օրենսդրական նախագիծը մինչև հիմա պատրաստ չէ: Դատելով իրավիճակից՝ դեռ եր­կար ժամանակ այդ նախագիծը հազիվ թե պատրաստ լինի:

Ի վերջո, օպտիմալացումները բավական ցավոտ են անդրադառնալու հասարակության մի շերտի վրա՝ ստիպելով շատերին համալրել գործազուրկների բանակը: 

Բացի այդ, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախարարություններից մի քանիսի միացման վերաբերյալ տարընթերցումներ և անհամաձայնություններ են եղել և անգամ հենց իշխող ուժի ներսում: Խոսքը հատկապես Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Գյուղատնտեսության նախարարության միացման գաղափարի մասին է, որը աննպատակահարմար են համարում ոլորտի մասնագետները: Սփյուռքի նախարարության հարցը ևս վերջնականապես որոշված չէ: Եվ առհասարակ, լուծարումը դժգոհություններ է առաջացրել, և չի բացառվում, որ այդ որոշումը հետաձգվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել