Yerkir.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված բազմաթիվ հարցեր ու համաձայնության եկել այն հարցում, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար»:

Yerkir.am -ի հետ զրույցում Արցախի հարցով փորձագետ, «Սովորական Ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը նշեց, որ հաշտության մասին վաղ է խոսել, քանի դեռ Ադրբեջանը չի ապաշխարել կատարած հանցագործությունների համար:

«Ադրբեջանը պետք է ընդունի պատմական իրողությունը, 31 տարվա ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ կատարած բազմաթիվ հանցագործությունները: Առանց այս ապաշխարանքի, ճանաչման` որևէ խաղաղության, հաշտության  մասին խոսք լինել չի կարող»,- ընդգծեց նա:

Մեր այլ հարցին ի պատասխան՝ փորձագետը պնդեց, որ ՀՀ իշխանությունների կողմից Բաքվի, Սումգայիթի ջարդերին «ցեղասպանություն» փաստաթղթային որակում չտալը, Արցախի անկախության չճանաչումը, թե իբր կվնասեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ջայլամային քաղաքականություն է: 

«Իրերը պետք է կոչել իրենց անուններով և պատմական իրադարձություններին պետք է պատշաճ գնահատական տալ,  մասնավորապես` Բաքվի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիային»,- նշեց նա:

Իր հերթին, Yerkir.am -ի հետ զրույցում քաղաքագետ Գրետա Ավետիսյանը հիշեցրեց, որ տարիներ շարունակ Ադրբեջանը  տարբեր պլատֆորմներով՝ Բաքվի, Թբիլիսիի, փորձել է  ցույց տալ, թե հանդուրժող է կամ հանդուրժողականություն է քարոզում, մինչդեռ տեսանք, որ Բաքվի գործելաոճը չի փոխվել՝ Ռամիլ Սաֆարովին դեպքը, ապրիլյան պատերազմի շրջանում  ԼՂ ՊԲ զինվորների գլխատումը, Թալիշի դեպքերը:

Ըստ փորձագետի՝ սա անպատժելիության արդյունք է, միջազգային հանրությունը հասցեական հայտարարություններ չի անում, Ադրբեջանի գործողությունները սանձազերծող հստակ քայլերի չի գնում:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը և ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին, Գրետա Ավետիսյանը նշեց, որ դեռ մի քանի տարի առաջ Հայաստանը սկսեց խոսել ժողովուրդներին, հայ հասարակությանը խաղաղության նախապատրաստելու մասին, սակայն Ադրբեջանը չդադարեցրեց  հայատյացության քարոզը` բարձր մակարդակով խոսելով անգամ Երևանը գրավելու մասին, ուստի այս քայլերը կորցրեցին արդիականությունը:

«Մինչ այս անգամ համանախագահները խոսում էին վստահության մթնոլորտի ձևավորման մասին,  բայց խաղաղությանը պատրաստելու թեզն ակտուալ չէր, իսկ երեկ կրկին օրակարգ բերվեց այդ հարցը, ինչը պայմանավորված է Դուշանբեում Փաշինյան-Ալիև` օպերատիվ կապը վերականգնելու պայմանավորվածության հետ, որ սահմաններին կրակոցներ չեն լինելու: Փորձը ցույց տվեց, որ դա աշխատում է: Բայց թե որքանո՞վ է դա վստահելի կամ երաշխիք, որ Ադրբեջանը կշարունակի հարգել ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը, երբ գրավորը չի պահպանում, իհարկե, չենք կարող ասել: Բայց պետք է լինել լավատես, միաժամանակ՝ զգոն: Իսկ հանրությանը խաղաղության պատրաստելը հակամարտության կարգավորմանը տանող հիմնական բաղադրիչներից է»,- ընդգծեց փորձագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել