«Հակահեղափոխական վերագրվող ուժերին քաղաքական պայքարում հաղթելուց հետո թե՛ իշխանության ներսում, թե՛ դրանից դուրս կար մի թյուր մտայնություն առ այն, որ ահա գտնվել է այն վերջնական հանգրվանը, որից հետո ամեն ինչ լավ է լինելու: Բազմիցս փորձել ենք ակնարկել, որ պայմանական հակահեղափոխությանը կամ հին համակարգին հաղթելուց հետո սկսվում է ամենաբարդ փուլը:

Փուլ, երբ այլևս չկա հակադրման առանցք, չկա բարեփոխումները հետաձգելու որևէ հիմնավորում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններով, կան ահռելի սպասելիքներ: Ու այն հանգամանքը, որ ավագանիում, խորհրդարանում, համայնքներում ներկայիս իշխանություններն ունեն ավելի քան մեծամասնություն, որևէ կերպ չի հեշտացնում նրանց գործը, եթե չասենք՝ ավելի է բարդացնում այն: Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա, դրան գումարած չկա որևէ իրատեսական թվացող քավության նոխազ:

Հակահեղափոխությունն այլևս պետք է փնտրել իշխանության ներսում, սակայն ոչ թե դավադրությունների, այլ արդյունավետության պակասի տեսքով: Գլխավոր հակահեղափոխականներն այժմ իշխանությունների կողմից ուշացվող ռեֆորմներն են ու այդ ռեֆորմներին չսպասող ժամանակը»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել