Երեքօրյա աշխատանքի ընթացքում յոթերորդ գումարման Ազգային ժողովի ամբիոնից արդեն իսկ հնչել են բազմաթիվ, բազմերանգ ելույթներ։ Դրանց մեջ առանձնացավ մեկը, ում ելույթը համապատասխանեց ԱԺ ֆորմատին․ այն քաղաքական էր ու վեր հանեց այն խնդիրները, որ կան Հայաստանում: Խոսքն, անկասկած, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին է։

Ելույթի ժամանակ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումներն ի կատար ածելու տարբերակներ առաջարկեց։ Նա անդրադարձավ բոլոր խնդրահարույց կետերին, հատ առ հատ վերլուծեց դրանք, սակայն պետք է անդրադառնալ դրանցից Հայաստանի համար առավել կենսական նշանակության մի կետի։ Խոսքը ՀՀ բանկային համակարգի առողջացման, վարկառուներին տրվող վարկի տոկոսի չափի, ՓՄՁ ների զարգացումը խթանելու ու այս խնդիրների լուծման համար Ծառուկյանի առաջարկած մեթոդների մասին է։ Ինչպես նշեց Ծառուկյանը, ՓՄՁ-ները հանդիսանում են յուրաքանչյուր երկրի ողնաշարը, իսկ Հայաստանում մոտ 70 տոկոսը կազմում են փոքր ու միջին ձեռնարկությունները, ու նրանց պետք է ծաղկելու ու զարգանալու հնարավորություն տալ, իսկ դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ հարկային բեռը թեթևանա, գործատուն հնարավորություն ունենա աշխատավարձ վճարելու աշխատակիցներին, հետևաբար, շահույթ ապահովելով, շուկայում կգրավի կայուն դիրք։ 

Ծառուկյանն անդրադարձավ ևս մեկ կարևոր խնդրի։ Դա կապված էր բանկային համակարգի առողջացման հետ։ ԲՀԿ առաջնորդն առաջարկում է կայուն հարաբերություններ ձեռք բերել եվրոպական բանկերի հետ, որոնք սպառողական կամ բիզնես վարկերը տալիս են հայկական շուկայի համար աննկարագրելի ցածր տոկոսներով՝ 0,25-ից մինչև 1 տոկոս։ Ըստ Ծառուկյանի՝ հայկական բանկերն այդ համագործակցության շնորհիվ կարող են ներգրավել դրամական միջոցներ, այնուհետև բնակչությանը վարկ տալ մինչև 3% տոկոսադրույքով՝ ներկայիս 18-ի փոխարեն։ 
Խնդրի նման լուծումն, անկասկած, հայ ազգի սրտով կլինի, քանի որ մենք հենց նման ռեալ լուծումների ենք սպասում։ Ու քաղաքականության մեջ նման հայանպաստ և հայապահպան մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչները երկրի զարգացման գրավականն են հանդիսանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել