Ժամանակն է, որ հայկական կողմը լուրջ ուշադրություն դարձնի ադրբեջանական կողմի կատարած քայլերին ու դրանից հետևություններ անի: Եթե սրանից առաջ ադրբեջանական կողմը գրեթե միշտ փորձում էր որոշ գործողություններ կամ զենքեր թաքուն պահել ու բավարարվում էր դրանց մասին փակ ինֆո տալով, ապա հիմա նախագահ Ալիևի այցելություններով ներկայացվում են տարբեր տեսակի ռազմական տեխնիկաներ, նոր համագործակցության եզրեր են գտնում այլ պետությունների հետ:

Օրեր առաջ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել «Azersilah» ԲԲԸ-ի ստեղծման մասին: «Azersilah»-ը հանդիսանում է կոմերցիոն իրավաբանական կազմակերպություն, որը, կիրառելով որոշ տեխնոլոգիաներ, Ադրբեջանում զբաղվելու է զենքի արտադրությամբ և արտահանմամբ, երկրի ներսում և արտերկրում վաճառքով:

Այս ամենին գումարվում են Ադրբեջանի ՊՆ վերջին հայտարարությունները՝ կապված առաջնագծում կատարվող իրավիճակի հետ, ու այդ ամենը միասին լուրջ մտածելու տեղիք են տալիս:

Հայաստանում էլ, եթե չասենք՝ վերացել է, ապա հաստատ մի քանի անգամ պակասել են ժողովրդի մարտական ոգին բարձր պահող պաշտոնական հայտարարությունները և լուսաբանվող թեմաները, բանակն ու բանակին առնչվող թեմաները պետական մակարդակով անցել են երկրորդական կամ երրորդական տեղեր, ինչն իր հերթին բավականին սխալ է պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել