Armenpress.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 15-ին քննվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

«Դատական նիստի ընթացքում քննարկվել է ՀՔԾ-ի Ռոբերտ Քոչարյանի ժամկետը ևս երկու մասով երկարաձգելու միջնորդությունը: Դատարանը հարցեր է տվել քննիչին, դատախազներին, պաշտպաններն իրենց առարկությունները ներկայացրեցին,սակայն դեռ չեն վերջացրել: Նիստը հետաձգվել է և կկայանա հունվարի 16-ին ժամը 11:00-ին»,- ասաց Մուրադյանը:

 Ավելի վաղ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի վերաբերյալ:

Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:
Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել