Վերջերս ՀՀ արտաքին քաղաքական կուրսի շուրջ խոսակցությունները ավելի ինտենսիվ բնույթ են կրում, իսկ բանավեճի հիմնական թեման ԵՄ ասոցացման պայմանագրի և Եվրասիական Միության անդմակցության երկնընտրանքն է: Յուրաքանչյուր տարբերակի կողմնակից փորձում է հիմնավորել իր ասածի ավելի շահավետ և կենսական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար: Ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացի և որպես ապագա քաղաքագետի, այս թեման առանցքային նշանակություն ունի: Բազմիցս արտահայտել եմ իմ կարծիքը այս հարցի շուրջ և բնականաբար վստահ եմ, որ մեր երկրի զարգացման և առաջընթացի հիմնական ճանապարհը կախված է արևմտյան քաղաքակրթության ներկայիս ընտրած մոդելի վերջնական` դե ֆակտո իրագործման հետ:

Եվ այսպես, այսօր կարդացի Հայկ Բաբուխանյանի հերթական «մտքի գոհարները»՝ կապված այս թեմայի հետ, և ուղղակի այլ բան չեմ կարող անել, քան մի քանի մեջբերումներով, պարզապես, հերթական անգամ արձանագրեմ այս մարդու քաղաքական անգրագիտությունը: 
Այսպես ուրեմն: Ըստ Հայկ Բաբուխանյանի. «Ունենք երկու թշնամի, որոնց բանակները հզոր են: Մեր երկիրը գտնվում է շատ վտանգավոր, սպառնալից իրավիճակում: ՀՀ, Արցախի հանրապետության անվտանգությունը շատ կարևոր, առաջնային խնդիր է: Այդ խնդիրը բոլորս գիտենք, որ լուծում են ՀԱՊԿ-ի շրջանակներում, այսինքն Ռուսաստանի հետ՝ ռուսաստանյան բազայի և սահմանապահ զորքերի օժանդակությամբ»: 
Ուշադրություն դարձրեք Բաբուխանյանի ձևակերպման վերջին մտքին, որը ոչ այլ ինչ է, քան սեփական բուռն ցանկության, որպես իրականություն ներկայացնել: Չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ խնդիր է լուծում ՀԱՊԿ-ն ԼՂՀ անվտանգության հարցում: Ինչպես բոլորս գիտենք, ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ուղղված բանակցությունները ընթանում են Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ գոյություն ունեն երեք համանախագահող երկրներ, և երեք երկրներն էլ ունեն հավասար հնարավորություններ, և նրանք են, կարելի է ասել, ԼՂՀ անվտանգության երաշխիքների ապահովմամբ զբաղվող միակ պաշտոնական կառույցը և, բնականաբար ՀՀ-ն և Ադրբեջանը, որպես հակամարտող կողմեր: 

Բաբուխանյանի հաջորդ հայտարարությունը սա էր. «Պայմանագրի շրջանակում նախատեսված է այն հանգամանքը, որ Հայաստանի վրա ցանկացած հարձակում կկանխվի ոչ միայն Ռուսասատանի կողմից, այլև՝ ՀԱՊԿ-ի այլ պետությունների, որտեղ կան արագ արձագանքման ուժեր և այլն»: Այստեղ թերևս տեղին է հիշել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, առ այն, որ մեջբերում եմ. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մենք չենք խառնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, այլ իրականացնում ենք միայն մոնիթորինգ: Հայաստանը մեր դաշնակիցն է, սակայն գոյություն ունի Մինսկի խումբը, որը և զբաղվում է ղարաբաղյան հարցով» մեջբերման ավարտ, իսկ Հայաստանի վրա հարձակման ամենահավանական երկիրը Ադրբեջանն է, հասկանալի պատճառներով: 
Այսքանից հետո Բաբուխանյանի ասածները մեղմ ասած հոգեբանի վերլուծության կարիք են զգում:
Հաջորդ «միտքը», որի մեկնաբանությունը թողնում եմ ընթերցողին, այն հարցին, թե արդյո՞ք գազի գնի թանկացումը դիտարկում է որպես ճնշում ՀՀ իշխանությունների վրա, այս մարդը բառացիորեն պատասխանում է հետևյալը. «Ո՞նց կարելի է ճնշում անվանել, երբ որ մենք գազը ստանում ենք Ռուսաստանի կողմից վաճառվող ամենաէժան գնով գազ: Հակառակը, կարծում եմ՝ աջակցություն է, երբ քեզ տալիս են ամենաէժան գնով»: 
Ժողովուրդ, այս մտքերի հեղինակը իրեն համարում է պետական շահով առաջնորդվող քաղաքական գործիչ:
Հաջորդ «դարի միտքը», որը ամբողջացնում է այս մարդու քաղաքական և մտավոր ունակությունները. «Մեր քաղաքակրթական դաշտը շատ ավելի մոտ է Ռուսաստանին, քան Եվրոպային»: 
Մեր քաղաքակրթությունը չի կարող ավելի շատ մոտ լինել Ռուսաստանին միայն այն պարզ պատճառով, որ մեր` Երրորդ Հանրապետության քաղաքական մոդելը ի սկզբանե ընտրվել է արևմտյան քաղաքակրթությանը բնորոշ մոդելի հիման վրա, և առհասարակ հարց է առաջանում. այս մարդը քաղաքակրթություն բառը օգտագործելիս բառի քաղաքական և մշակութային իմաստը հասկանալո՞վ է օգտագործում, թե՞, ինչպես միշտ, իր ցանկությունները ներկայացնում է որպես եղելություն: Վստահաբար կարող եմ ասել, որ քաղաքակրթությունների տեսության մասին ամենահամեստ գիտելիքներ ունեցող մարդը նման հիմար միտք չէր հեղինակի, չնայած այստեղ էլ պետք չէ մոռանալ, թե ով է ասում այս մտքերը: 
Հերթական «դարակազմիկ» միտքը, որը ուղղակիորեն արտացոլում է այս մարդու մտահորիզոնը. «Եվրոպական արժեքների տակ ես այսօր տեսնում եմ հոմոսեքսուալիստների ազատություն, անորակ մշակույթ, որը փոխանցում են մեզ, ֆիլմեր հոմոսեքսուալիստների մասին, ինչ-որ ռոք խմբեր, կրոնական աղանդների ներմուծում Հայաստան, դրանց պաշտպանությունը, ընտանիքի քայքայում և այլն»:
Հարց է առաջանում. պրն. Բաբուխանյան, իսկ ու՞մ է հետաքրքրում ձեր տեսածը, կամ ինչու՞ եք տեսնում այն, ինչը իրականում գլոբալ քաղաքական զարգացումների և ընդհանուր արևմտյան քաղաքակրթության հիմնական բնորոշիչների հետ, մեղմ ասած, այդքան էլ կապ չունի: Ինչու՞ եք տեսնում հոմոսեքսուալներին, որոնց թիվը, ի դեպ, ՌԴ-ում այնքան էլ քիչ չէ, ինչու՞ չեք տեսնում ռուսական բնակչության մեծամասնության գենետիկական հակումները դեպի ալկոհոլը, կամ ինչու՞ եք այդքան ցածրացնում «մշակույթ» եզրույթի էությունը: Ի տարբերություն Ձեր պաշտելի ՌԴ-ի՝ արևմուտքը իր քաղաքակրթական ժառանգությունը ստացել է այնպիսի քաղաքակրթություններից, ինչպիսիք են հռոմեականը, հունականը, բյուզանդականը, և իր բնորոշիչ գծերով այսօր համարվում է աշխարհի հեգեմոն քաղաքակրթություններից մեկը, որը որդեգրած երկրները զարգացնում են իրենց տնտեսական, քաղաքական և սոցիալական բնագավառները (ինչը չի կարելի ասել Ձեր կողմից պաշտելի ռուսական քաղաքակրթության մասին, որը, որպես այդպիսին, գոյություն չունի): 
Կամ ի՞նչ ասել է. «Եվրոպան, ըստ էության, ԱՄՆ-ի ստրուկն է, որը վերջերս կրոնական իրավունքների մասին իր զեկույցում ասում էր, որ պետք է հրաժարվեք առաքելական եկեղեցուց, եհովականներին տեղ տվեք, որովհետև նրանք բանակն են քանդում, դպրոցում կրոնի պատմություն մի անցեք»: 
«Եվրոպան ԱՄՆ-ի ստրուկն է» ձևակերպումը ևս պատկանում է հոգեվերլուծության արժանի մտքերի շարքին: 
Հ.Գ. Մի խոսքով, այսօր ես իրոք հասկացա, թե ինչքան թույլ և չփաստարկված է Եվրասիական միությանը անդամակցելու ծրագիրը, և որքան տհաճ իրավիճակում կարող են հայտնվել այն մարդիկ, ովքեր անգիտակցաբար կողմնակիցն են մի բանի, որին կողմնակից է նաև Հայկ Բաբուխանյան անուն-ազգանունը կրող «քաղաքական գործիչը», ով իր «դարակազմիկ» մտքերով կարող է այսքան ցածրացնել և արժեզրկել այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են մշակույթը, քաղաքակրթությունը և, առհասարակ, քաղաքականությունն ու պետականամետ մտածելակերպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել