Ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Վահե Էնֆիաջյանը: ԱԺ նախագահի տեղակալներ են ընտրվել նաև Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը:

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, նշեց, որ Վահե Էնֆիաջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 108 պատգամավոր:

Ըստ նրա՝ քվեարկությանը մասնակցել է 130 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 3 քվե:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19  պատգամավոր:

«Իմ քայլը» խմբակցությունից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Ալեն Սիմոնյանն ընտրվել է 109 կողմ, 20 դեմ ձայներով: Քվեարկությանը մասնակցել է 130 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել մեկ քվե:

Իսկ Լենա Նազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 124 պատգամավոր և դեմ` 3 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 3-ը:  

Նշենք, որ այսօր ևս ԱԺ նիստը վերսկսվեց «Կանոնակարգ» օրենքի խախտմամբ` շուրջ 45 րոպե ուշացումով:

Քվեարկությունից հետո Վահե Էնֆիաջյանը ծաղկեփնջով մոտեցավ Մանե Թանդիլյանին և սեղմեց նրա ձեռքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել