Կան հեռուստահաղորդումներ, նախագծեր, որոնք միանգամից սիրվում և ընդունվում են հեռուստադիտողի կողմից։ Հեռուստալսարանին հրամցվող բազմապիսի ու բազմաթիվ պրոդուկտներից գրեթե մի մասին է վիճակվում երկարատև պահպանել բարձր վարկանիշն ու մնալ էկրաններին։ Շատերն անգամ չեն էլ պատկերացնում, որ այդ ամենն էկրանից այն կողմ արվող տքնաջան աշխատանքի արդյունք է, այն մարդկանց աշխատանքի արդյունքը, որոնց հեռուստադիտողը երբեք չի տեսել:

Հեռուստադիտողին անծանոթ, սակայն մեդիադաշտում, հեռուստատեսության և ժամանցի ոլորտում բավական հայտնի, սիրված ու ճանաչված պրոդյուսեր Գեղամ Մարգարյանը հենց այն անհատներից է, ով իր ստեղծագործական ուղին անցնելիս հսկայական փորձ է ամբարել: 2006 թվականը նրա ստեղծագործական մեկնակետն էր, երբ սկսեց ակտիվ համագործակցել «Արմենիա» հեռուստաընկերության հետ՝ աշխատելով որպես փոխտնօրեն և գլխավոր պրոդյուսեր: Բարդ, բայց և հետաքրքիր աշխատանքում նրան վերապահվեց սկզբնական շրջանում վերահսկել տաղավարների պատրաստման և ձևավորման աշխատանքները: Կարճ ժամանակահատվածում Գեղամ Մարգարյանն իր անձնային որակների և մասնագիտական պրոֆեսիոնալիզմի արդյունքում մեծ վստահություն է ձեռք բերում և նույն տարում ընդգրկվում է մի շարք հեռուստանախագծերի կազմակերպչական/ստեղծագործական աշխատանքներում։ Դրանց թվում են «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական հաղորդման նոր տաղավարի պատրաստումն ու եթեր հեռարձակումը, «Կուբ» հեռուստանախագծի նոր եթերաշրջանի պատրաստումն ու հեռարձակումը: 2006 թվականի աշխատանքային հագեցած օրակարգում տեղ գտավ նաև «Բարի լույս, հայեր» հեռուստածրագիրը, որի համար նախատեսված նոր տաղավարի պատրաստումն ու հաղորդման հեռարձակման ողջ պատասխանատվությունը նույնպես վերապահվեց Գեղամ Մարգարյանին:

Հեռուստաարտադրանքի հաջողությունը Գեղամ Մարգարյանը պայմանավորում է նաև սեփական ձեռագրի գործոնով: Մեկ տարի անց՝ 2007 թվականին, Գեղամ Մարգարյանի նախաձեռնությամբ և սեփական ձեռագրի շնորհիվ կյանքի կոչվեց առաջին հեռուստանովելը՝ «Դժբախտ երջանկությունը», որը բավական մեծ լսարան ու արձագանքներ ունեցավ: Հենց այդ սերիալով Հայաստանում ժամանակակից հայկական սերիալ հասկացության հիմքը դրվեց: 2008 թվականին իրականացրեց «Հարևաններ» հեռուստասերիալի նախագծումն ու դերասանական կազմի ձևավորումը՝ ընդհուպ նկարահանման, մոնտաժի և հեռարձակման վերահսկողություն: Այնուհետև մեկը մյուսի հետևից նախագծվում, պատրաստվում և հեռարձակվում էին բազմաթիվ ու բազմապիսի նախագծեր ու շոուներ, որոնց պրոդյուսերական, դերասանական կազմի ընտրության և հետնկարահանման գործընթացների կազմակերպումը նույնպես վերապահված էր Գեղամ Մարգարյանին: Հեռուստաեթեր սկսեցին բարձրանալ «Մեր լեզուն, մեր խոսքը», «Դարը», «Հայրենիք և Սփյուռք», «Բարի լույս, հայեր», «Իրականում», «Բարի գիշեր», «Բեռնարդ Շոու», «Մի ֆիլմի պատմություն», «ԴԻԼ կամ ՆՈ ԴԻԼ», «Ֆորտ Բոյար» հաղորդումները։ Նման ճանաչված նախագծերի ու համաշխարհային հնչեղության շոուների կողքին, իհարկե, հեռուստաեթեր բարձրացան նոր սերիալներ, որոնց պրոդյուսերական աշխատանքի պատասխանատվությունը նույնպես վերապահված էր Գեղամ Մարգարյանին։ «Կյանքի գինը», «Դժվար ապրուստ», «Եզրագծից այն կողմ», «Եղբայրներ», «Ո՞ւր է իմ տղամարդը»․ սրանք այն հեռուստասերիալներն են, որոնք միանգամից սիրվեցին լսարանի կողմից և «Արմենիա» հեռուստաընկերությանն ապահովեցին բարձր ռեյտինգներ, ինչի արդյունքում՝ գովազդների շնորհիվ հսկայական եկամուտ հեռուստաընկերության համար։ Այս ամենը հնարավոր դարձավ էկրանից այն կողմ արված երկարատև ու տքնաջան աշխատանքի շնորհիվ՝ հանձին Գեղամ Մարգարյանի: Սա դեռ ամենը չէ․ հիշյալ սերիալների սաունդրեքների ու երգիչների ընտրության ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքը նույնպես հանձն էր առել Գեղամ Մարգարյանը:

Պատասխանատվության զգացում և լսելու ունակություն ունենալը Գեղամ Մարգարյանը համարում է աշխատանքային հաջողության նախադրյալներից։ Ըստ նրա՝ այդ 2 հատկանիշների արդյունքում է, որ հաջողում է հեռուստաարտադրանքն ու դառնում լսարանի կողմից սիրված: Գեղամ Մարգարյանի ստեղծագործական կենսագրականը բովանդակում են նաև «Արմենիա» հեռուստաընկերությունից դուրս արված աշխատանքները՝ «Ընտրյալներ» հեռուստասերիալը, որը, ի դեպ, ստեղծվեց Գեղամ Մարգարյանին պատկանող ընկերության կողմից, և որտեղ Գեղամը հանդես եկավ նաև որպես պրոդյուսեր։ Հեռուստաէկրաններ են բարձրանում նաև «Մեղրամիս», «Վտանգավոր խաղեր» և ներկայումս Միացյալ Նահանգներում նկարահանվող «Ինտրիգ» և «Ուշացած սեր» հեռուստասերիալները: Վերջինի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք Գեղամ Մարգարյանին․

- Վերջերս Հայաստանում ցուցադրվեց ամերիկյան նոր հեռուստասերիալ, որն արդեն հասցրել է սիրվել ու մեծ աղմուկ բարձրացնել։ Խոսքը «Ուշացած սեր» հեռուստասերիալի մասին է։ Այն Հայաստանում հեռարձակվում է «Կենտրոն» հեռուստատեսությամբ։ Պարոն Մարգարյան, կարելի՞ է ասել՝ կրկին հաղթանակ ձեր հերթական պրոյեկտը կրկին առաջատար է։ Այդ ինչպե՞ս է ձեզ հաջողվում։

- Ես ուղղակի սիրում եմ իմ աշխատանքն ու ցանկացած գործի մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում։

- Դուք տևական ժամանակ է, ինչ ապրում և աշխատում եք Ամերիկայում։ Դժվար չէ՞ արդյոք բավարարել հեռուստադիտողների պահանջները, չէ՞ որ Հայաստանի հեռուստադիտողն այլ բան է պահանջում, ամերիկյան հեռուստադիտողն՝ այլ։

- Հեռուստադիտողն ուզում է տեսնել որակյալ պրոյեկտ՝ լինի դա հեռուստասերիալ, հեռուստանախագիծ, թե ֆիլմ։ Եթե կա ասելիք, եթե կա հետաքրքիր պատմություն, կապ չունեն ո՛չ ազգությունը, ո՛չ պատկանելությունը։ Մարդկանց միշտ էլ հուզում են իրական հիմք ունեցող պատմությունները, մարդկային հարաբերությունները, որոնք ճիշտ ներկայացնելու դեպքում անհնար է, որ նախագիծը չսիրվի։

- Դո՞ւք եք ընտրում դերասանական կազմը։

- Իհարկե։

- Կարելի՞ է ասել, որ ճանաչում եք դերասաններին, գիտե՞ք նրանց ուժերը։ Ինչպե՞ս եք ընտրում, կա՞ն հատուկ սկզբունքներ։

- Իհարկե կան։ Նախ՝ ծանոթանում եմ սցենարին, հետո արդեն սկսում եմ փնտրել համապատասխան դերասաններ քասթինգի միջոցով, կամ էլ երբեմն սցենարը կարդալով հասկանում եմ՝ ով է համապատասխանում։

- Ձեր նախորդ նախագիծը՝ «Մեղրամիս» հեռուստասերիալը, նույնպես մեծ աղմուկ էր բարձրացել։ Գրեթե երկու տարի է անցել, ինչ այն ավարտվել է, բայց մարդիկ մինչ այսօր խոսում են այդ մասին, հիշում հերոսներին ու կարոտում։ Չե՞ք նախատեսում երկրորդ եթերաշրջան։

- Առջևում շատ հեռուստանախագծեր կան, չեմ ուզում չակերտներ բացել, միգուցե հեռուստադիտողին հաճելիորեն զարմացնենք։ 


Գեղամ Մարգարյանը ԱՄՆ-ում նաև զբաղված է հայկական և ռուսական շոու-բիզնեսի լավագույն երգիչ-երգչուհիների համերգների կազմակերպմամբ: Իր անմիջական և բացառիկ աշխատանքի արդյունքում վերջին տարիներին ԱՄՆ են ժամանում աննախադեպ համերգային ծրագրերով այնպիսի մեգա աստղեր, ինչպիսիք են՝ Վալերի Մելաձեն, Թաթան, Ռազմիկ Ամյանը, Վաչե Ամարյանը, Սիլվա Հակոբյանը, Արամեն, Արման Հովհաննիսյանը, Անդին և շատ ու շատ ուրիշներ։

Իրեն վերապահված յուրաքանչյուր աշխատանք Գեղամ Մարգարյանը կատարում է առանձնահատուկ նվիրվածությամբ ու ջերմեռանդությամբ՝ յուրաքանչյուրի մեջ ներդնելով ստեղծագործ միտք, ձեռագիր, հոգի և սրտացավություն, ինչն էլ հանդիսանում է Գեղամ Մարգարյանի՝ որպես պրոդյուսերի հաջողության գրավականը։

Նյութը՝ Հերմինե Զեյնալյանի
Հոդվածը հրապարակված է գովազդային իրավունքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել