Այսօր գումարվել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ 2019 թ․-ի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելը։

Նախագծով սահմանվում է, որ Երևանի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2018 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ։

Մասնավորապես, բարձրացված տեղական տուրքի դրույքաչափի 58.33 տոկոսի չափով արտոնություն կսահմանվի մինչև 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցող հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար։ Երևանում առևտրի օբյեկտներին ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվության համար արտոնություն կտրվի տեղական տուրքի դրույքաչափի 72.98 տոկոսի չափով, իսկ հանրային սննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ 70 տոկոսի չափով:

Որոշման գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել