Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն ընտանիքի հետ ձմեռային հանգիստը վայելել է Դիլիջանում: Դերասանուհու խոսքով` Հայաստանի գեղատեսիլ վայրերում հանգստանալն իր համար նախընտրելի տարբերակ է: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ընտանեկան հանգստի և նոր հեռուստասերիալում նկարահանվելու մասին:

Լուիզան նկատեց, որ մեկ շաբաթ տևած հանգիստը պասիվ է եղել և լիարժեք հնարավորություն է տվել վայելելու ընտանիքի անդամների ներկայությունը. «Մեկ շաբաթ հանգստացանք, օդափոխվեցինք, հասցրեցինք բավականին շատ շփվել միմյանց հետ, ինչն առօրյա կյանքում, բոլորիս զբաղվածության պատճառով, միշտ չէ, որ ստացվում է»:

Դերասանուհու դիտարկմամբ, մեկ շաբաթը լիարժեք բավարար էր նախորդ տարում հոգնածությունը թոթափելու և լիցքավորված ակտիվ աշխատանքի վերադառնալու համար: «Ինձ համար հանգիստն էլ պետք է  այնքան տևի, որ չհասցնես հոգնել հանգստից, առավել ևս, երբ բնույթով և կենսունակությամբ սովոր ես ռիթմի մեջ լինել։ Պասիվ հանգիստը երկարատև լինելու դեպքում ձանձրացնում է, ինչն էլ է բերում որոշակի հոգնածության»,-ասաց նա:

2019-ը Լուիզան սկսել է ակտիվ աշխատանքային ռիթմով և ստեղծագործական նորությամբ: Դերասանուհին այս օրերին նկարահանվում է 32 մասանոց նոր ֆիլմաշարում, որը ցուցադրվելու է փետրվարին Առաջին ալիքով: Սարմենի՝ Արմենակ Սարգսյանի գրական ստեղծագործության հիման վրա նկարահանվող «Շահմարի առեղծվածը» դետեկտիվ հեռուստասերիալում Լուիզան մարմնավորում է Արեգայի կերպարը: Ֆիլմաշարի ռեժիսորն Արտյոմ Հարությունյանն է: Դերասանուհու խոսքով, ցանկացած նոր առաջարկ ընդունելիս, կարևորում է ոչ միայն ֆիլմի սյուժեն, այլև իր դերակատարումն ու անելիքն այնտեղ:

«Ես նախընտրում եմ նկարահանվել այնպիսի նախագծերում, որտեղ չեմ կրկնվի: Անընդհատ միօրինակ կենսագրությամբ դերեր խաղալը ոչ միայն լճացնում է քեզ, այլև պակասեցնում հանդիսատեսի հետաքրքրությունը քո աշխատանքի նկատմամբ: Այստեղ ամբողջությամբ նոր կենսագրություն ունեցող մի հերոսուհու եմ մարմնավորում, որը պայքարի դուրս եկած կին է: Նա վրեժ է լուծում իր կենսաբանական հորից, որը լքել է մորը, չի  իմացել անգամ հերոսուհու գոյության մասին: Իմ կերպարի նպատակն է ցանկացած ճանապարհով վրեժ լուծել իր հորից և թույլ չտալ իր դստերը կրկնել մոր սխալները»,-ասաց դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել