Armenpress.am-ը գրում է.

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու Մանե Թանդիլյանն ընտրվելու դեպքում խոստանում է լինել բոլոր պատգամավորների փոխխոսնակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թանդիլյանը հայտարարեց հունվարի 14-ին տեղի ունեցած Ազգային ժողովի առաջին նիստում:

«Իմ քաղաքական ուղին սկսվել է ընդդիմադիր պայքարից: Այդ ընթացքում ես հասկացել եմ, որ հետևանքների դեմ պայքարն անարդյունավետ է և պետք է պայքարել պատճառների դեմ: Իմ ընդդիմախոսությունը ծառայել է մեր ժողովրդի առաջընթացին ու զարգացմանը: Այսօր մենք ձեզ հետ միասին պետք է ընտրենք խորհրդարանական երկրի խորհրդարանի փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու, ով պետք է կարողանա ստեղծել ընդդիմադիր նախագահի տեղակալի մշակույթը: Մեկ տարվա ընթացքում ես հասկացել եմ, թե ինչ կարևոր դերակատարում կարող է ունենալ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը ԱԺ պատգամավորների գործունեությունում, երբ նրանց ձայնը լրացվել է: Ես կարող եմ վստահ ասել, որ իմ ընտրվելու պարագայում նման արատավոր դեպքեր հաստատ չեն լինելու: Ընտրվելու պարագայում խոստանում եմ լինել բոլորի փոխխոսնակը: Չեմ ունենալու սիրելի պատգամավորներ, եթե որևէ բան կարելի է մեկ պատգամավորի, ապա դա կարելի է բոլորին»,- ասաց Թանդիլյանը:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ 2 փոխնախագահներին առաջադրում է մեծամասնություն ունեցող խմբակցությունը, իսկ 3-րդփոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն տրվում է ԱԺ ընդդիմադիրխմբակցություններից որևէ մեկին: «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:

«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուին պաշտպանելու մասին:

ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել