Panorama.am-ը գրում է.

ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը լիովին գիտակցում է, որ բարդ է լինելու նեկայացնել խորհրդարանական բոլոր ուժերի շահերը։ Այս մասին նա ասաց այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Իսկապես հասկանում եմ, որ այդ դերը բավականին բարդ է լինելու՝ հատկապես հաշվի առնելով «Իմ քայլը» դաշինքի ստացած քվեները և այն, որ ես այդ ուժի համահիմնադիրներից մեկն եմ։ Բայց իմ լավագույն ջանքերը գործադրելու եմ, որպեսզի լինեմ ոչ միայն մեր խմբակցության, այլև ԱԺ պատգամավորների և ԱԺ նախագահ»,- ասաց նա։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է քայլեր ձեռնարկել, որպեսզի բոլոր պատգամավորները հավասարապես օգտվեն իրենց իրավունքներից, ոչ ոք իր լիազորությունները չգերազանցի, Արարատ  Միրզոյանը պատասխանեց. «Այո, որոշ պատգամավորներ մեքենաներով էին մտնում ԱԺ բակ, որոշ պատգամավորներ 3 սենյականոց աշխատասենյակներ ունեին։ Ես ստանդարտիզացիայի կողմնակից եմ, և մենք գուցե շուտով ունենաք մի ձեռնարկ, ուր գրված կլինի, որ օրինակ, ԱԺ պատգամավորը պետք է ունենան 8 ք/մ տարածքով սենյակ, նույնը՝ բացակայությունների մասով։ Պատգամավորները հո իմ աշխատողները չե՞ն։ Նրանք իրենք պետք է հարգանք դրսևորեն այս ինստիտուտի, իրենց առաքելության և քվեի նկատմամբ»,- ասաց Միրզոյանը՝ չբացառելով, որ պատգամավորների բացակայության վերաբերյալ փաստաթղթերը կասկածների դեպքում կարող են փորձաքննության ենթարկվել։

Հարցին՝ ինչո՞ւ «Իմ քայլը» չի սատարում «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանին, Արարատ Միրզոյանը պատասխանեց՝ ժողովուրդն ինքը ձևավորել է քաղաքական ուժերի համամասնությունը։

«Ժողովուրդն ընտրել է ընդդիմություն և հենց այն համամասնությամբ, որը կա։ Տարբերությունը շատ մեծ չէ կամ գուցե շատ մեծ է, 6 մանդատը, կարծում եմ, քիչ չէ։ Մենք կարծում ենք՝ իրավունք չունենք մեզ վերապահել ժողովրդի քվեով ձևավորված համամասնություն խախտելու։ Հակառակ պարագայում կարող է այնպես ստացվել, որ «Իմ քայլն» ընտրում է սիրելի ընդդիմություն»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել