Հունվարի 14-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին, որում մասնավորապես ասված է.

«Մեծարգո՛ պարոն Միրզոյան,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանի խորհրդարանը իր մեկդարյա գործունեության ընթացքում մշտապես եղել է ինչպես Մայր հայրենիքում պետականության ամրապնդման հիմնական ինստիտուտներից մեկը, այնպես էլ համահայկական կարևորության հարցերի քննարկման և համազգային նպատակների ուղենշման յուրահատուկ կառույց: Վստահ եմ՝ հանրային-քաղաքական ակտիվ ներգրավվածությունը և խորհրդարանական աշխատանքի փորձը նպաստելու են Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում Ձեր գործունեության հաջողությանը՝ ի շահ հայրենիքի անվտանգության ու կայունության և Հայաստանի ժողովրդի բարեկեցության ապահովման:

Երկու հայկական խորհրդարանների միջև ձևավորված առանձնահատուկ բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները հուսալի հիմք են փոխգործակցության շարունակականություն և նոր որակ արձանագրելու համար։ Համոզված եմ՝ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կպահպանենք ձևավորված ավանդույթները և ավելի բեղմնավոր ու ներդաշնակ կդարձնենք առկա համագործակցությունը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել