168.am-ը գրում է.

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հավաստիացնում է՝ բոլոր ջանքերը կգործադրի՝ բոլոր պատգամավորների նախագահը լինելու համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նաև հավաստիացրեց, որ խորհրդարանում արդարություն է հաստատելու:

«Այո, որոշ պատգամավորներ, մեքնենաերով էին մտնում ԱԺ բակ, որոշ պատգամավորներ՝ ոչ: Որոշ պատգամավորներ երեք սենյականոց սենյակներում էին աշխատում, որոշները՝ ոչ: Ես արդեն մեր ֆրակցիայի կազմում առիթ ունեցել եմ այս մասին խոսելու և ասել եմ, որ ստանդարտիզացիայի կողմնակից եմ: Եվ մենք գուցե շուտով ունենանք նաև մի ձեռնարկ, որտեղ թղթին գրված կլինի, որ, օրինակ, ԱԺ պատգամավորը պիտի ունենա, ենթադրենք, 8 քմ տարածքով սենյակ, ֆրակցիայի ղեկավարը՝ էսպիսի սենյակ: Եթե հանգստի սենյակ մեկին հասնում է, բոլորը պետք է ունենան դրա հնարավորությունը»,- ասաց Ա.Միրզոյանը՝ նկատելով, որ նույն վերաբերմունքը լինելու է բացակայությունների հետ կապված:

Նա չցանկացավ առանձին մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի բացակայությունների ավանդույթը. «Պատգամավորները հո իմ աշխատակիցները չեն, սա տարբերվող հիմնարկ է, և այստեղ պատգամավորներին գործուղել են մարդիկ՝ իրենց քվեով: Եվ այդ պատգամավորներն իրենք պետք է հարգանք դրսևորեն այս ինստիտուտի նկատմամբ և իրենց ստացած քվեի նկատմամբ: Բոլոր պատգամավորներն անխտիր պետք է ունենան այն հաճախելիությունը, որը սահմանված է օրենքով: Հակառակ դեպքում պետք է պատգամավորն ունենա հարգելի բացակայություն»:

Անդրադառնալով ԱԺ նախկին նախագահների կողմից շահագործված ծառայողական մեքենայի փոփոխությանն ու աշխատասենյակի վերանորոգմանը, Ա.Միրզոյանը նշեց, որ առայժմ չի պատրաստվում փոխել մեքենան, իսկ աշխատասենյակը վերանորոգման կարիք ունի:

ԱԺ երրորդ փոխնախագհի վերաբերյալ Ա.Միրզոյանը նշեց, որ ընտրություններում ժողովուրդը ձևավորել է առկա համամասնությունը. «Մենք կարծում ենք, որ իրավունք չունենք մեզ վերապահել ժողովրդի քվեով ձևավորված այս համամասնությունը խախտելու իրավունքը: Մեծությամբ երկրորդ խմբակցությանն ու ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիայի թեկնածուին կողմ կքվեարկենք: Սա մեր չեզոք դիրքորոշումն է, հակառակ պարագայում կարող է այնպես ստացվել, որ «Իմ քայլը» դաշինքը ձևավորում է սիրելի ընդդիմություն, կամ ինչպես նախկինում էին ասում, բառը վիրավորական է, գրպանային»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել