Մեկնարկել է ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը. ԱԺ-ը գումարել է անդրանիկ նիստը։ Օրակարգում ընդգրկված է 7 հարց:

Այսօր խորհրդարանը ձևավորելու է հաշվիչ հանձնաժողով, ապա ընտրելու է ԱԺ նախագահ, ԱԺ փոխնախագահներ:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ստեղծումը 4-րդ հարցն է, այնուհետև կընտրվեն այդ հանձնաժողովների նախագահները: 

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է նաև «Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ» օրենքի նախագիծը, ինչպես նաև Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նիստը նախքան նախագահի ընտրվելը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը՝ այս դեպքում «Իմ քայլը» խմբակցությունից Կնյազ Հասանովը:

ԱԺ կանոնակարգ օրենքը նաև նախատեսում է, որ նախագահի ու փոխնախագահների ընտրություններն անցկացվում են փակ, գաղտնի քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ, ըստ նախնական հայտարարությունների, «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու է Արարատ Միրզոյանի, իսկ փոխնախագահների պաշտոններում՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: ԱԺ 3-րդ փոխնախագահը պիտի լինի ընդդիմադիր խմբակցությունից: Ընդդիմադիր 2 խմբակցություններն էլ՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը», թեկնածուներ են առաջադրել Վահե Էնֆիաջյանին և Մանե Թանդիլյանին համապատասխանաբար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել