Նորածին աղջիկը, որն ապրելու ոչ մի շանս չուներ, կյանք է պարգևել օրգանների փոխպատվաստման կարիք ունեցող երկու փոքրիկի, տեղեկացնում է The Daily Mail-ը։

Երեխայի մայրը՝ 23-ամյա Քրիստա Դևիսը, հղիության 18-րդ շաբաթում իմացել է, որ իր երեխան տառապում է անէնցեֆալիայով՝ զարգացման ներարգանդային արատով։ Դա արտահայտվում է գլխուղեղի մեծ կիսագնդերի, գանգակամարի ոսկրերի ու փափուկ հյուսվածքների լիակատար կամ մասնակի բացակայությամբ։

Բժիշկները երիտասարդ կնոջն առաջարկել են ընդհատել հղիությունը, բայց նա որոշել է պահել երեխային ու նրա հետ անցկացնել այն օրերն ու ժամերը, որոնք մնացել էին նրան ապրելու համար։ Աղջիկը ծնվել է Սուրբ ծննդյան նախօրեին և, ընդամենը մեկ շաբաթ ապրելով, մահացել Նոր տարվանից առաջ։

Փոքրիկի կարճատև կյանքն օգնել է փրկել երկու երեխայի կյանք, որոնք սրտի փականների փոխպատվաստման կարիք ունեին։ Աղջկա ծնողները նշում են, որ հղիությունը չընդհատելու ճիշտ որոշում են կայացրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել