Aravot.am-ը գրում է.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակի» լուրին, ըստ որի այսօր էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկում տեղի է ունեցել «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը՝ խաշի սեղանի շուրջ, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորական ֆրակցիան եւ կառավարության անդամները միմյանց մոտիկից ծանոթանան»: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։ Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը եւ ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը եւ իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, եւ նույնիսկ խաշ ուտելով։ Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։ Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս եւ այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում»: «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր, Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին երկարամյա աշխատակից Արմինե Օհանյանը, որի տանն էր ընդհատակում եղած ժամանակ թաքնվում Փաշինյանը՝ արձագանքել է այս գրառմանը՝ նշելով. «Դուք ամեն ինչով եք սկսել նմանվել Հանրապետականներին և հատկապես մամուլի հանդեպ ատելությամբ։ Իսկ «Հրապարակին» կոնտրոլի տակ առնելու երազանքներ ունեցել են բոլորը, այդ թվում ձեր հարազատ Հանրապետականները… երազախաբ են եղել… սենց մի քանի տեքստ ու ձեզ էլ է նույնը սպասվում…բոլոր հարցերում»: Եվ նրա այս մեկնաբանությանը, եւ վարչապետի պաշտոնակատարի գրառմանը հաջորդել են լրատվամիջոցի հասցեին բազմաթիվ վիրավորանքներ, որոնք թողնվել են անփոփոխ: Սակայն կա նման հարց վարչապետի պաշտոնակատարին՝ «Կոնտրոլի տակ առնելն էլ ո՞նց է լինում․․․երբ դուք էիք ընդդիմադիր և ընդդիմադիր թերթի խմբագիր, ձեր թերթում գրում էիք ինչ ցանկանում էիք, բայց ձեր գրածներին երկրի որևէ ղեկավար անձամբ չէր արձագանքում»: Ու կան նաեւ նման հարցադրումներ՝ «Բայց էդ Ձեր խնջույքները մի քիչ շատ չե՞ն հաճախացել, երկրում բազմաթիվ ծառացած, հրատապ հարցեր կան լուծելու և բազմաթիվ օրվա հացի խնդիր ունեցող քաղաքացիներ»: «Եթե ազգի մեծ մասը սոված է ու անապահով, ի՞նչ խնջույքների մասին է խոսքը։ Ձեզ ընտրել են, որ օր առաջ հասարակ ու անապահով ժողովուրդը փոփոխություններ զգա և ոչ թե տեսնի, թե ինչ լավ են ապրում պատգամավորները։ Ամոթ է», «Պարոն Փաշինյան, հերիք է ռեստորանից ռեստորան փակեք։ Սաղ օրը դրսերը ճանապարհ էինք փակում, որ մեր համար լավ լինի՝ ոչ թե ձեր համար: Աշխատեք հարգելիս: Հայ ժողովուրդը լուրջ շատ լուրջ փոփոխությունների է սպասում»: Ֆեյսբուքյան օգտատերերը բողոքում են նաեւ. «Հազարավոր դիմում բողոքներից միայն խա՞շը տեսաք։ Ոչ մի նամակի կամ բողոքի (օրինակ ակցիան ընդդեմ Մանվելի) պատասխան ոչ պաշտոնապես, ոչ էլ այստեղ ֆեյսբուքյան էջում չեք անդրադառնում, բայց արի ու տես՝ խաշին անդրադարձաք… Շատ ավելի լուրջ խնդիրներ կային ու կան, որոնք Ձեր միջամտության և մարդկանց տեղեկատվության կարիքն ունեն։ Չգիտես ինչու դուք լռում եք», «Փաստորեն վարչապետի արձագանքին արժանի ավելի լուրջ խնդիրներ չկա՞ն էլ ՀՀ-ում», «Պարոն Փաշինյան, բազմաթիվ հարցեր կան, որոնց կարող էիք անդրադառնալ Ձեր ՖԲ էջում՝ սկսած հարկային փոփոխություններից վերջացրած ավտոմեքենաների ներմուծման հետ կապված փոփոխություններից (էլ չեմ խոսում Մանվել Գրիգորյանից և Ղազախստանի դեպքերից), բայց խոսում եք ինչ-որ լրատվամիջոցների զրպարտանքներից: Տպավորություն է ստեղծվում, որ պատասխան չունեք այդ հարցերին կամ ինչ-որ բանի եք սպասում»: « Ձե՛ր ոչ խաշ ուտելն է հետաքրքրում, ոչ Ձե՛ր որդու արձակուրդ գալը, ոչ ձեր ուտել-խմելը ակումբներում, առավել ևս ոչ Ձե՛ր խիստ անձնականը, որ անընդհատ ասում եք, ու թե ես էսպես ես էնպես, դա ոչ մեկիս չի հետաքրքրում, արեք էն ինչի մասին խոսում էիք ընդդիմադիր ժամանակներդ», «Պարոն Փաշինյան, այս հարցը այն հարցերից չէ որ պետք է արձագանքել երկրի առաջին դեմքի մակարդակով , ՀՀԿ-ն այլևս անցյալում է, նմանվել-չնմանվելու խնդիր չկա, ուղակի դուք և ձեր ակտիվիստները որոնցից շատերը հիմա զբաղեցնում են պետական պաշտոններ նույն ձև քլնգում էիք ՀՀԿ-ի կողմից կազմակերպված քեֆ-ուրախությունները, կնունք հարսանիքները: Իմ կարծիքով, երկրում խաշից կարևոր խնդիրներ կան, որոնց պատասխանատվությունը ՀՀԿ-ից վերցրել եք ձեզ վրա»: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել