Իշխանության քվոտայով պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք անձինք, ովքեր նշանակման պահից էլ կասկածներ էին հարուցում կառավարման հմտություններ ունենալու մասով, այդպես էլ չընկալեցին իրենց ուսերին դրված պատասխանատվության չափը։ 

Հատկապես հիասթափեցնում են մարզային իշխանությունների որոշ ներկայացուցիչներ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ: Նշանակման պահից ի վեր տվյալ անձնավորությունը, սկանդալային և խնդրահարույց իրավիճակներից բացի, ուրիշ ոչնչով աչքի չի ընկել: Որոշ ժամանակ առաջ մամուլը պարզապես հեղեղված էր Կոտայքի բնակիչներիր զանգվածային բողոքի մասին լուրերով, ովքեր ահազանգում էին, որ Ռոմանոս Պետրոսյանը ձեռնամուխ է եղել մարզում կադրային ջարդին։ Վերջինս շատ հաճախ անհարկի աշխատանքից ազատում է հնաբնակ աշխատակիցներին՝ հաշվի չառնելով վերջիններիս անցած ճանապարհն ու մարզին մատուցած շնորհակալ գործունեությունը։ Մեկ այլ դեպքում հայտնի է դառնում, որ Ռոմանոս Պետրոսյանն առանձնատուն կառուցելուն է անցել նշանակումից անմիջապես հետո: Կամ համայնքներից մեկում կատարյալ քաոս է, որովհետև մարզպետի «ուզած» անձը տվյալ համայնքում պետք է շարունակի պաշտոնավարել: 

Ահա այն ամենը, ինչը բնութագրում է Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի մարզի կառավարման շուրջ 9 ամիսները: Երեկ այս բանից իբր թե բեխաբար մարզպետն արել է իր հերթական հայտարարությունը, հակասահմանադրական հայտարարությունը, թե Ծաղկաձորի ճոպանուղին պետք է պետականացվի: Մի պահ նույնիսկ աչքերիդ չես կարողանում հավատալ, որ նման անմեղսունակ հայտարարության հեղինակը մարզպետ է: 

Լավ, ինչպես և ինչքան կարելի է ուղղակիորեն թքել երկրի բարձրագույն օրենքի՝ Սահմանադրության վրա, որով հստակ պաշտպանվում է մասնավոր սեփականության իրավունքը: Անկախ այն հանգամանքից, թե ովքեր են սեփականատերերը, պետք է հասկանալ, որ դա մասնավոր սեփականություն է: Այս տարիների ընթացքում այնտեղ կատարվել են հսկայական ներդրումներ, տասնամյակների ջանք ու եռանդ, և այդ ամենը կատարվել է անձնական միջոցներով: 

Եվ հիմա նման սովետական ոճի հայտարարություն է կատարվում պետական չինովնիկի կողմից, թե բա՝ «լավ բիզնես ա, կարելի ա ձեռքներից վերցնել, պետականացնել» տրամաբանությամբ: Ի՞նչ ուղերձ ենք մենք սրանով հղում և՛ ներքին, և՛ արտաքին ներդրողներին: Չի՞ նշանակում սա արդյոք, որ համեցեք, աշխատատեղ բացեք, տասնյակ տարիներ վիզ դրեք, բիզնես հիմնեք, հենց տեսնենք՝ լավն ա, ձեռքներիցդ կվերցնենք, կպետականացնենք: Չեմ հասկանում՝ սա ի՞նչ նոր գուլագ է: Սովետից հետո վերջին անգամ նման բան մեկ էլ Սադամ Հուսեյնն է արել: 

Կա՛մ օր առաջ պետք է ազատվենք պետության մեջ բույն դրած նման անմեղսունակներից, կա՛մ նրանք մեզ պետություն կորցնելու գին կարող են արժենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել