1. Բոլոր բաղադրիչները պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն (պատրաստելուց 60-90 րոպե առաջ սառնարանից պետք է նախապես հանել)։
  2. Ձվի թարմությունը որոշելու համար պետք է այն ընկղմել ջրով լի բաժակի մեջ. եթե ձուն սուզվում է բաժակի հատակը, նշանակում է՝ թարմ է, և հակառակը։
  3. Բաղադրատոմսերի մեջ buttermilk ասվածը կարելի է փոխարինել 1 բաժակ կաթի մեջ 1 թ/գ քացախի խառնուրդով։
  4. Բաղադրիչների ճիշտ քանակությունը որոշելու ամենաճիշտ տարբերակն էլեկտրոնային կշեռքն է։
  5. Մեկ ձուն միջինը կշռում է 37-40 գրամ, որից 20-ը մոտավորապես դեղնուցն է։ Ձուն ավելի լավ է առանձնանում, երբ սառած է լինում, իսկ հարելու համար ամենահարմարը տաք սպիտակուցներն են։
  6. Սպիտակուցները կարելի է սառեցնել սառցախցիկում (հերմետիկ փակված ամանի մեջ), իսկ օգտագործելուց 1 օր առաջ պետք է հանել այնտեղից։
  7. Վանիլինի փոխարեն ցանկալի է վանիլի էքստրակտ կամ էսենցիա օգտագործել։
  8. Ձվերը սենյակային ջերմաստիճանի դարձնելու համար անհրաժեշտ է դրանք պարզապես տաք ջրով լի բաժակի մեջ ընկղմել։
  9. Կարագը սենյակային ջերմաստիճանի բերելու համար պետք է մանր-մանր կտրատել և դնել ափսեի մեջ։
  10. Ցանկացած բաղադրատոմսում մուգ շոկոլադը կարելի է փոխարինել կաթնայինով և հակառակը։
  11. Եթե բաղադրատոմսում կարագի կողքին ոչ մի նշում չկա, միշտ օգտագործեք ոչ աղի սերուցքային կարագ։

Կարևոր խորհուրդներ թխվածքներ պատրաստելիս 

Բաղադրիչների խառնելու ընթացքը

  1. Չոր բաղադրիչները ցանկալի է լավ խառնել նախքան հեղուկ բաղադրիչներին ավելացնելը:
  2. Շաքարավազն ու կարագը հարելիս պետք չէ ծուլանալ։ Իդեալական տարբերակում պետք է ստանալ սպիտակ թեթև զանգված, որի համար հարկավոր է հարել այն 5-8 րոպե։
  3. Երբ չոր բաղադրիչները հեղուկ բաղադրիչների հետ եք խառնում, առաջինը պետք է չոր բաղադրիչները լցնել։
  4. Խմորի կամ չոր բաղադրիչների վրա ձուն կոտրելուց հետո պետք չէ զանգվածը շատ խառնել: Պարզապես պետք է հարել մինչև համասեռ զանգվածի ստանալը:
  5. Շաքարավազը լցնելիս պետք է զգույշ լինել. շատ շաքարավազի դեպքում թխվածքի վրա մուգ կեղև է առաջանում, իսկ քիչ շաքարավազի դեպքում կեղևը բաց գույնի է լինում, խմորը` ձիգ։
  6. Պետք չէ ալյուրի չափաքանակը չարաշահել, քանի որ շատ ալյուրի դեպքում խմորի վերևում ճաքեր են առաջանում։
  7. Ձվի դեղնուցները խմորի մեջ գցելուց առաջ ցանկալի է դրանք առանձին հարել բաժակում:
  8. Եթե մեկ պտղունց աղը քաղցր խմորի մեջ գցենք, այն ավելի կուժեղացնի մյուս բաղադրիչների բույրը։
  9. Սպիտակուցային զանգվածը խմորին ավելացնելիս պետք է շատ զգույշ խառնել՝ վերևից ներքև շարժումներով:
  10. Մերենգայի համար սպիտակուցները հարելիս պետք է տվյալ ամանը մաքրել մի քանի կաթիլ կիտրոնահյութով կամ քացախով թրջված անձեռոցիկով։
  11. Եթե խմորի մեջ տարբեր բուրավետիչներ ենք ավելացնում, ավելի լավ է սկսել վանիլինից, քանի որ այն ուժեղացնում է այլ բուրավետիչների համը։

Կարևոր խորհուրդներ, որոնք պետք է հաշվի առնել խմորեղեն թխելիս

  1. Եթե պատրաստում եք բազմաշերտ խմորեղեն, ավելի լավ է խմորը բաժանել հավասար մասերի և առանձին թխել ամեն շերտը:
  2. Խմորը ձևամանի մեջ լցնելուց հետո պետք է դանակով հավասարեցնել այն։
  3. Խմորը պետք է լցնել ձևամանի մեջ 1/2-2/3-ի չափից ոչ ավել։
  4. Թխվածքներ պատրաստելիս ավելի լավ է առաջնորդվել ջեռոցի առանձնահատկություններով և ինքնուրույն կարգավորել բաղադրատոմսում նշված ջերմաստիճանը։
  5. Միշտ պետք է սպասել, որ ջերմաստիճանը ջեռոցում անհրաժեշտ աստիճանի հասնի, հետո նոր թխել խմորեղենը։
  6. Խմորով լի ձևամանը պետք է աշխատել ջեռոցի մեջտեղի հատվածում դնել (եթե մի քանի ձևամաններով ենք թխում, որքան հնարավոր է, եզրերից հեռու)։
  7. Որպեսզի տորթը հավասար թխվի, 20 րոպեից (բայց ոչ շուտ) ձևամանը պտտում ենք հակառակ կողմի վրա (իհարկե, սա չի վերաբերում բիսկվիթային խմորներին):
  8. Խմորեղենը հարկավոր է միշտ թխել ջեռոցի մեջտեղի դարակում, եթե բաղադրատոմսում հատուկ նշված չէ կոնկրետ դարակը:
  9. Սովորաբար թխվածքի պատրաստ լինելը կարելի է զգալ խոհանոցում տարածված բույրով։ 
  10. Եթե ուզում ենք լուցկու օգնությամբ (եթե լուցկին չոր է դուրս գալիս, ուրեմն՝ խմորեղենը պատրաստ է) փորձել տորթը պատրաստ է, թե ոչ, ապա պետք չէ տորթը ջեռոցից ամբողջովին հանել։ Կարելի է զգուշությամբ մի փոքր բացել ջեռոցի դուռը և շատ արագ ստուգել թխվածքի պատրաստ լինելը:
  11. Կարկանդակը ջեռոցում պետք չէ երկար թխել, քանի որ այն ավելի չոր է դառնում։

Ինչպես ճիշտ սառեցնել թխվածքը և պատել կրեմով

  1. Ցանկալի է թխվածքը ջեռոցում ցանցի վրա 10 րոպե թողնել, հետո նոր հանել ջեռոցից։
  2. Քափքեյքերը պետք է անմիջապես ձևամանից հանել, այնուհետև դնել ցանցի վրա, որ սառչեն։
  3. Կտրատելուց կամ կրեմ քսելուց առաջ թխվածքի սառած շերտերն անհրաժեշտ է սննդային փաթեթով փաթաթել և 30 րոպեով տեղափոխել սառցախցիկը։
  4. Կրեմը քսելուց առաջ սիլիկոնե փուզայով անհրաժեշտ է տորթի վրայից բոլոր փշրանքները մաքրել։
  5. Որպեսզի թխվածքի շերտերի միջև կրեմը հավասար չափով լցվի, անհրաժեշտ է կլոր անցքերով հրուշակեղենային պարկերի մեջ լցնել այն, ապա զոլերով լցնել խմորի վրա:
  6. Կրեմը սկզբում հարկավոր է քսել բարակ շերտով` բոլոր մասերը ֆիքսելով։ Այնուհետև դնել սառանարանը 30 րոպեով, հետո քսել կրեմի մնացած մասը (սա կոչվում է breadcrumbs coating)։
  7. Եթե տորթը կրեմով պատելու ժամանակ չունեք, կարող եք շաքարի փոշի կամ կակաո ցանել․ դրանք հրաշքներ են գործում։
  8. Եթե ուզում եք, որ տորթն ավելի փայլուն լինի, մատուցելուց առաջ զգուշորեն ֆենով տաք օդ փչեք տորթի վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել