Yerkir.am-ը գրում է.

«Փոխենք միասին» քաղաքացիական նախաձեռնությունը սկսում է գործընթաց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախորդ տարվա վերջին բավարարել էր քաղաքացիական նախաձեռնության կարգով Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծ ներկայացրած նախաձեռնող խմբին եւ որպես լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանին գրանցելու դիմումը:

Փոփոխություններով քաղաքացիներին առաջարկվում է ուղղակի ընտրությամբ ընտրել հանրապետության նախագահին՝ նրան օժտելով առաջնային մանդատ: Ազգային ժողովում կլինի 85 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետությունը կպարտավորվի երաշխավորել եւ ապահովել Առաքելական եկեղեցու բնականոն եւ անվտանգ գործունեությունը: Անվտանգության խորհրդի փոխարեն կստեղծվի Ազգային անվտանգության խորհուրդ, որը կղեկավարի հանրապետության նախագահը, կազմում կլինեն նաեւ ԱԺ նախագահն ու վարչապետը: Կսահմանվի առանց դատարանի որոշման, բացառիկ դեպքերում անվտանգության նկատառումներից ելնելով գաղտնալսումների իրականացումը եւ տեւողությունը:

Փոփոխություններով նախատեսվում է նաեւ բացառել առանց դատարանի որոշման սեփականության նկատմամբ արգելանք ու բռնագանձում իրականացնելը:

Սահմանադրության առաջարկված փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է այդ իրավունքն ունեցող առնվազն 200 հազար քաղաքացու ստորագրություն: Ստորագրությունների հավաքման համար սահմանված է 45 օր, վերջնաժամկետը փետրվարի 10-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել