Yerkir.am-ը գրում է.

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի տրանսպորտային ենթակառուցվածքների և շինարարության հարցերի ենթահանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում Երևանի մետրոպոլիտենի զարգացման, տրանսպորտային վերգետնյա և ստորգետնյա այլ կառույցների շինարարության ու վերակառուցման հարցերի շուրջ։

Քննարկմանը մասնակցում էին նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, նշանավոր ճարտարապետներ: Քննարկվեց մետրոյի «Բարեկամություն» կայարանից դեպի Աջափնյակ, 15-րդ թաղամաս, Դավթաշեն մետրոյի երկաթգիծ կառուցելու հարցը:

Նախքան այս քննարկումը որոշվել է, որ եթե հնարավոր լինի մետրոն կառուցել, երկհարկանի կամուրջ կառուցվի, որ, բացի մետրոյից, տրանսպորտային այլ միջոցներ էլ օգտվեն դրանից:

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ Աջափնյակում մետրոյի նոր կայարանի և դեպի այնտեղ գնացող հատվածի աշխատանքները 70%-ով կատարված են:  ««Արթուն» ԲԲԸ-ն ներկայացրել էր մետրոյի այդ կայարանի կառուցման 4 տարբերակ` սկսած 75 մլնից մինչև 150 մլն արժողությամբ: Առաջարկում են, որ «Աջափնյակ» կայարանը լինի փակուղային. այդ տարբերակը կարժենա 75 մլն դոլար»,- հայտնեց նա:

«Արթուն» ԲԲԸ-ի նախագահ Հմայակ Հարությունյանը ներկայացրեց իրենց առաջարկը: Ըստ նրա` առաջարկել են կամուրջը կառուցել Արզնու կամրջի օրինակով` երկհարկանի` միջով գնացքներն են անցնում, իսկ վերևից ավտոճանապարհ է: «Առաջարկով` ավտոկամուրջը և մետրոյի կամուրջը կառուցվում են երկկողմանի երթևեկության համար` 15 մետր լայնքով, իսկ թունելը մեկ ուղղությամբ` ինչպես Կիևյանում է: Ֆինանսավորման դեպքում երկրորդ թունելն էլ կկառուցենք»,- ասաց նա:

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հետաքրքրվեց` երբ է ունենալու կառավարության կողմից հաստատված` մետրոյի կառուցման սխեման: «Դա ինձ իրավասություն կտա այդ տարածքում ցանկացած հողահատկացում և ցանկացած շինարարություն կասեցնել և չեղարկել: Քանի դեռ իմ ձեռքին  ոչ մի փաստաթուղթ չկա, ես այդ տարածքում շինարարությանը «ոչ» ասելու իրավասություն չունեմ: Սա պետք է լինի կառավարության որոշում»,- ասաց նա և հավելեց. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք ունենք շատ լուրջ ֆինանական խնդիրներ: Կներեք, բայց մեքենաների ճանապարհն ինձ այդքան էլ չի հուզում, ամենակարևոր խնդիրն այսօր մետրոն է և Աջափնյակի երկու կայարանները: Կցանկանայի մեր խոսակցությունը գնա երկու փուլային ուղղությամբ` խոսենք միայն մետրոյի մասին` կառուցելով կամուրջն այն տարբերակով, որ հետագայում այն կարողանանք օգտագործել նաև որպես ավոտճանապարհ, բայց խնդրում եմ` բյուջետային հաշվարկի ժամանակ միլիոններ մի կրակեք, կվախենան: Կոնկրետ խոսենք մետրոյի շինարարության մասին` ինչպիսի բյուջե է պետք, որ ապահովվի Աջափնյակի երկու կանգառը, վերջ: Այս հարցը հորով-մորով անենք, մնացածը` Աստված տա, կանենք»:

Ներկաները ընդունեցին Մեսչյանի առաջարկները:

Որոշվեց, որ մեկ ամսվա ընթացքում հստակ ծրագիր ներկայացվի, որ կառավարության որոշում լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել