Ելենա Արշակյանի նոր՝ «Մոր սիրտը» հեռուստասերիալն արդեն եթերում է, գլխավոր կերպարներից մեկն էլ մարմնավորում է Սոֆի Դևոյան կրտսերը, ով BlogNews.am-ի հետ զրույցում խոսել է կերպարի, առաջարկի և հեռուստատեսային երկար դադարից հետո կրկին նկարահանվելու մասին:

Դերասանուհին նշում է՝ չնայած այս ընթացքում նկարահանվելու առաջարկներ ունեցել է, սակայն մերժել է զբաղվածության պատճառով, իսկ «Մոր սիրտը» հեռուստասերիալում նկարահանվելը ճիշտ որոշում է համարում:

«Երբ իմացա, որ Ելենա Արշակյանի նախագիծն է, ոգևորվածությունս ավելի մեծացավ, քանի որ նրա հետ եմ սկսել իմ հեռուստատեսային քայլերը: Կերպարի համար, իհարկե, մասնակցել եմ նաև քասթինգի։ Պետք է նշեմ, որ այն բավականին ընդհանուր գծեր ունի ինձ հետ՝ համառ է, խելացի, իր ասածի տեր աղջիկ է: Ես էլ բավականին ինքնուրույն մարդ եմ»,- պատմում է Սոֆին:

Չնայած ինքնուրույն բնավորությանը՝ ծնողների հետ միշտ խորհրդակցում է որոշում կայացնելուց առաջ. «Իհարկե, առանց նրանց ոչինչ հնարավոր չէր լինի անել, մենք միշտ ենք միասին խորհրդակցում և միասին որոշում, թե ինչպես վարվենք»:   

Սոֆին նշում է, որ բավականին լուրջ է մոտենում իր արած ցանկացած աշխատանքի. «Կարծում եմ՝ նշանակություն չունի՝ հետաքրքրության համար կանես, թե կմոտենաս այլ կերպ։ Եթե անում ես, ապա պետք է անես լավ կամ պարզապես չանես: Չեմ կարող ասել, որ նկարահանվելն ինձ համար հոբբի է, պարզապես մանկուց զբաղվել եմ սրանով, բայց, ամեն դեպքում, աշխատանքին ավելի պրոֆեսիոնալ եմ մոտենում»:

Դերասանուհու համար տարին բավականին հաջող է սկսվել, չնայած զբաղվածությունը շատ է. «Փորձում եմ ամեն ինչ հասացնել, որպեսզի ոչ մի աշխատանք չտուժի: Կարծում եմ՝ ստացվում է: Ինչ վերաբերում է պարին, ես հիմա ներկայանում եմ Սոֆի Դևոյանի պարի և հոգու թատրոնում: Տարեվերջին ունեցել ենք նաև ամփոփիչ համերգ, որը շատ լավ անցավ: Իսկ մրցույթներն ու հաղթանակները շատ-շատ են, այնքան, որ դժվարանում եմ հաշվել»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել