Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթանում էր 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձման արարողությունը։ 

Այս խորհրդարանում ամենաերիտասարդ պատգամավորը Սոնա Ղազարյանն է՝ «Իմ քայլը» դաշինքից, ով 25 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ քուրդ համայնքի ներկայացուցիչ, 73-ամյա Կնյազ Հասանովը։ 

Սոնա Ղազարյանը ծնվել է 1993թ. մարտի 30-ին Երևանում: 

Ավարտել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը:
2013թ. ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի «լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» ֆակուլտետը։
2014-2015թթ․ սովորել է Եվրոպայի քոլեջում (Լեհաստան)՝ ստանալով մագիստրոսի կոչում՝ եվրոպագիտություն մասնագիտությամբ։
2013-2014թթ․ պրակտիկա է անցել Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնում։
2015-2016թթ․ աշխատել է «Սիներջի» կազմակերպության բիզնեսի զարգացման բաժնում։
2016-2017թթ․ աշխատել է «Բիգբեկ» կազմակերպությում՝ որպես ծրագրերի ղեկավար։
2017թ․ մասնակցել է խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկմանը՝ որպես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության մեդիա փորձագետի օգնական։
2017-2018թթ․ միացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին՝ որպես մեդիա փորձագետ և մշտադիտարկման մասնագետ։
2018թ․-ից առ այսօր աշխատում է «Ուրբանլաբ» սոցիալ-մշակութային հիմնադրամում՝ որպես հանրային կապերի պատասխանատու։
2015թ․ համահիմնադրել է «Չեք անցկացնի» նախաձեռնությունը՝ սահմանադրական փոփոխություններին դեմ, իսկ 2018թ․ մարտին՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը։
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
Ամուսնացած է։

Կնյազ Հասանովը ծնվել է 1945թ. հունվարի 17-ին Կոտայքի մարզի Աստղաբերդ գյուղում:

1969թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի այգեգործական ֆակուլտետը: 1968թ.՝ ՍՄԿԿ կենտկոմին առընթեր Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետը:
1970-1973թթ. եղել է Աբովյանի շրջխորհրդի գործկոմի ճարտարագետ-հողաշինարար, պլանային հանձնաժողովի նախագահ: 1973-1997թթ.՝ Աբովյանի կինոցանցի տնօրեն, 1977-2014թթ.՝ «Կոտայքի շրջկինոցանց» ՍՊԸ տնօրեն:
1995 թվականից՝ «Քուրդիստան կոմիտե» հկ անդամ, ապա՝ փոխնախագահ: 2000թ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ: 2007 թվականից «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ խորհրդի նախագահն է, խորհրդի «Զագրոս» հայերեն հրատարակվող պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր (հասարակական կարգով):
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել  է ՀՀ նախագահի շնորհակալագրով (2010թ.):
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին` ժամը 10:00-ին։ Նոր խորհրդարանում աշխատելու է 132 պատգամավոր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել