«Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի՝ «Լեգանեսի» հետ առաջին հանդիպումից (3:0) հետո խոսել է հարձակվող Վինիսիուս Ժունիորի և դարպասապահ Կեյլոր Նավասի մասին:

«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Վինիսիուսը մեծ քայլեր է կատարում: Տաղանդը կարևոր է, սակայն «Ռեալում» առաջընթաց գրանցելն այդքան էլ հեշտ չէ. այստեղ քեզ բարձրակարգ ֆուտբոլիստներ են շրջապատում:

Վինիսիուսն ինքնավստահ է, երևում է՝ նա շատ է սիրում աշխատել գնդակով:

Կեյլոր Նավասը լավ հանդես եկավ: Նա մեծ պրոֆեսիոնալ է: Ես Կեյլորին հարգում եմ նրա անցյալի, ներկայի և ապագայի համար: Նա շարունակում է մեզ համար մնալ շատ կարևոր ֆուտբոլիստ:

Ինչ վերաբերվում է Իսկոյի բացակայությանը՝ իմ տրամադրության տակ 24 ֆուտբոլիստ կա: Իմ աշխատանքը մեկնարկային կազմն ընտրելն է, ինչը ոչ միշտ է հաճելի:

Այժմ չեմ կարող ասել, թե «Բետիսի» հետ խաղում ինչ կազմ կընտրեմ: Թիմը հարմարվել է 4-3-3 դասավորությանը, սակայն մենք կարող ենք տարբեր մարտավարություններ փորձել»,- Սոլարիի խոսքերը մեջբերել է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել