Գերմանիայի Բիլեֆելդյան համալսարանի գիտնականները բացահայտել են «Մոնա Լիզայի էֆեկտի» մասին առասպելը, որի համաձայն՝ հայտնի նկարի մեջ կնոջ պատկերը հետևում է դիտողներին։ Չնայած որ այսպիսի նկարներ կան, այնուամենայնիվ, Ջոկոնդան այսպիսի էֆեկտ չունի։

Հայտնի է, որ եթե լուսանկարվող մարդը նայում է ուղիղ տեսախցիկին, ապա լուսանկարը նայող մարդու մոտ առաջանում է «հետևող հայացքի» խաբկանք։Այս երևույթը առաջին անգամ հայտնաբերվել է  նկարիչների կողմից և անվանվել է ի պատիվ Լիզա դել Ջոկոնդոյի։ Թեև համարվում է, որ Ջոկոնդան հետևում է իր հանդիսատեսին, այնուամենայնիվ գիտնականները նշում են, որ դա մարդկանց երևակայության արդյունք է։

Հետազոտողները փորձ են կատարել, որպեսզի ստուգեն՝ իրականում դա Վինչի նկարն ունի՞ «Մոնա Լիզայի էֆեկտը», թե՞ ոչ։ Գիտնակաները խնդրել են 24 կամավորների նայել համակարգչի էկրանին պատկերված Ջոկոնդայի պատկերին և գնահատել նրա հայացքի ուղղությունը։ Հետազոտվողներից ոմանք տեսնում էին միայն Մոնա Լիզայի քիթն ու աչքերը, իսկ մնացածը՝ ողջ պատկերը։

Պարզվել է, որ կամավորների հայացքի անկյունը նկարի հետ միջինում կազմել է 15.4 աստիճան։ Եթե նկարին նայեք 66 սմ հեռավորությունից, ապա շեղումը կկազմի 27.9 սմ դեպի աջ։ Հետազոտողների գնահատմամ՝ խաբկանքը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ անկյունը չի գերազանցում 5 աստիճանը։

Գիտնականները եկել են եզրակացության, որ Ջոկոնդան չի նայում հանդիսատեսին, որը նշանակում է, որ տվյալ պարագայում «Մոնա Լիզայի էֆեկտն» իրականում բացակայում է, քանի որ չի կատարվում նրա գլխավոր պայմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել