Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտնաբերել են սոցիալական որոշ ֆակտորներ, որոնք ազդում են կյանքի տևողության վրա։ Այսպես՝ ծեր մարդիկ, ովքեր գտնում են, որ իրենք օգտակար գործերով են զբաղված, զգալիորեն բարելավում են իրենց առողջությունը և նվազեցնում են խրոնիկ հիվանդությունների հավանականությունը։

Գիտնականները վերլուծել են երկարատև հետազոտության մասնակցած ավելի քան 7304 տղամարդուց և կնոջից ստացված տվյալները։ Նրանք հաշվի են առել սոցիալական և տնտեսական ցուցանիշները, առողջությունը և նրա հետ կապված վարվելակերպը։ Օգտագործվել են նաև Մեծ Բրիտանիայի վիճակագրական ծառայության տվյալները, որոնք ցույց են տալիս, թե 1-10 բալանոց համակարգով ինչպես են մարդիկ գնահատում իրենց կյանքի իմաստալից լինելը։ Հետազոտողները ստուգել են, թե արդյոք կապ կա՞ այդ գնահատականների և ֆիզիկական վիճակի միջև։

Պարզվել է, որ տարիքի հետ հատկապես տղամարդիկ հակված են իրենց կյանքն արժեզրկելու։ Սակայն ամուսնական կյանքը, ընկերների հետ հաճախակի շփումներն այդ ցուցանիշներն աստիճանաբար բարելավել են։ 9-10 գնահատական տվող մասնակիցների 73.1%-ը ընկերների հետ հանդիպել է ամեն օր։ Ավելին՝ նրանց կյանքն ավելի իմաստալից է թվում։

Գիտնականները նշում են, որ հետազոտությունը հիմնված է դիտարկումների վրա և ոչ թե փորձերի։ Այսինքն՝ դա նշանակում է, որ չի կարելի միանշանակ դատել ցուցանիշների միջև առկա կապը։ Ավելին՝ հնարավոր են նաև այլ ֆակտորներ, որոնք վիճակագրական ծառայության վրա կարող են ազդեցություն ունենալ։ Սակայն հետազոտողները նշում են, որ կյանքի իմաստալից լինելը թույլ է տալիս գուշակել մարդու ինքնազգացողությունն ապագայում, որը հավանաբար դրական ազդեցություն է ունենում երկարակեցության և առողջության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել