Նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպին առերևույթ անմիջական մասնակիցներից մեկը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Արդեն տեղեկացվել է, որ նախօրեին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող զինվորական համարանիշով ավտոբուսը մի խումբ անձանց կողմից կանգնեցնելու և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով անկարգություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 

Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե։

Քրեական գործի նախաքննության ընթացքում, դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Դրանց արդյունքում դեպքի անմիջական մասնակիցներից մեկը՝ Գ.Հ.-ն, ձերբակալվել է:

Մասնակից մյուս անձանց ինքնությունը լիարժեք պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև դեպքին վերաբերող բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։ 

Հիշեցնենք , որ ավելի վաղ Ռազմական ոստիկանությունից հայտնել էին, որ միջադեպից կարճ ժամանակ անց ՌՈ և ՀՀ ոստիկանության համատեղ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանրային մեծ հնչեղություն ստացած այդ միջադեպի ակտիվ մասնակիցներից են 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը և 1979 թվականին ծնված Գոռ Նորիկի Հակոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել