Artsakhpress.am-ը գրում է.

Հունվարի 8-ին Շուշիի Հախումյան 1/11 հասցեում արձանագրված դժբախտ պատահարի հետևանքով շրջանային բուժմիավորման շտապ բժշկական օգնության մեքենայով ժամը 19:30-ին ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել 2011 թվականին ծնված Նատալի Ժորիկի Մուսայելյանը:

Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում    ասել  է   «Արևիկ»  մանկական բուժմիավորման տնօրեն Մհեր Մուսայելյանը՝ նշելով, որ     երեխայի  մոտ ախտորոշվել է շմոլ գազից թունավորում`  ծանր աստիճանի սոպորոզ վիճակով`  գիտակցության  խորը  խանգարումով:
Մ.  Մուսայելյանի   խոսքով՝   ընդունման  պահին  Նատալին   եղել է ծանր  վիճակում:
«Երեխային   միանգամից   տեղափոխել  ենք  վերակենդանացման բաժանմունք, որտեղ  նա  շարունակում  է ստանալ  համապատասխան բուժում: Երեկոյան  նյարդաբանի և  ակուլիստի  կողմից  իրականացվել  է  հետազոտություն: Նա  առաջիկա   2  ժամվա  ընթացքում  եղել  է   գրգռված  վիճակում, իսկ  22:00-ից  հետո   երեխայի   վիճակը  սկսել  է  կայունանալ: Պարզ  պատասխանում  է    մեր   կողմից  տրված  հարցերին,  առավոտյան   նախաճաշել  է, բայց  ունի  թեթևակի  քնկոտություն: Ներկայումս  երեխան թոքերի  թեթևակի խնդիրներ  և  ջերմություն  ունի, բայց  դրանք  ժամանակի  ընթացքում  կանցնեն: Ներկայումս երեխայի  կյանքին  սպառնացող   վտանգ  չկա:   Վիճակը գնահատվում է կայուն-ծանր»,-մանրամասնել  է Մ.  Մուսայելյանը:
Մեր  զրուցակիցը  նշել  է  նաև, որ    ըստ   երեխայի  պատմածի՝  նրան  գտել  են   անկողնու  տակ  թաքնված:
«Ըստ՝  իս  երեխան  վախից  է  նման  քայլի  դիմել, որի   հետևանքով  էլ   փրկվել  է: Համապատասխան  սարքով շմոլ  գազի   ստուգման  կոնցենտրացիան  կազմել  էր  50  %:  Նման  չափաքանակ   դեռևս  չենք  տեսել,  փոքրիկը   փրկվել  է   հրաշքով»,-նշել  է  Մ.  Մուսայելյանը:
«Արցախգազ» ՓԲ  ընկերությունը  զերծ   է  մնացել  մեկնաբանությունից՝  նշելով, որ   դեպքի  առթիվ  այժմ    քննություն  է տարվում   համապատասխան  մարմինների  կողմից: Ընկերությունից  տեղեկացրել  են, որ   քննությունն  ավարտելուց  հետո  իրենք   հանդես  կգան  պարզաբանմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել