Երևան քաղաքի Վիլնյուսի 91 շենք, 7 բն․ բնակիչ Համբարձում Դավթյանից (Հեռ․ 099-51-08-28, 094-51-08-28) բաց նամակ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ պետական վերահսկողական ծառայություն պետ Դավիթ Սանասարյանին, ՀՀ արդարադատության նախարարի ժ․պ․ Արտակ Զեյնալյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Հարգելի պարոնայք, 2008 թ․-ի հունվարին հանդիպել եմ ոմն Արսեն Բաղրամյանին հետ, ով ուներ գրավատուն և խոստացավ ինձ տրամադրել տոկոսով գումար, որի կարիքը ես ունեի: 2000 դոլար, որը տվյալ ժամանակահատվածում կազմում էր 610 հազար ՀՀ դրամ՝ 3,5% դրույքաչափով՝ պայմանով, որ մեկ տարի ամեն ամիս վճարեմ տոկոսը, իսկ տարվա վերջում փակեմ մայր գումարը, որի համար կազմել էինք պայմանագիր և ստորագրել իր գրավատանը: Գումարը տալուց հետո՝ մի քանի օր անց, նա ինձ կանչեց նոտարի մոտ, որտեղ ներկա էին ևս 4 հոգի, որոնց ես չէի ճանաչում: Ինչպես հետագայում պարզվեց, այդ 4-ից երեքը ևս խաբեության ապագա զոհեր էին, իսկ մեկը՝ «ԲՏԱ Ինվեստ» բանկի կառավարիչ Ռասուլ Կասանովը: Այդ ժամանակ մեզ 4-իս խնդրեցին ստորագրել պայմանագրի տակ․ ըստ իր ներկայացման՝ դրանով մինչ այդ մեր կնքած պայմանագրին օրինական ուժ էր տրվում։ Այդ պայմանագրի պատճեն մեզ չտրամադրեց՝ պատճառաբանելով, որ կարող ենք կորցնել և կանգնել խնդրի առաջ:

Այնուհետև 7 ամիս տոկոսը մուծելուց հետո ես իմացա, որ Արսեն Բաղրամյանին կալանավորել են: Հետո ինձ հրավիրեցին քննիչի մոտ ցուցմունք տալու, որտեղ ես իմացա, որ դարձել եմ խաբեության զոհ: Ինչպես նաև իմացա, որ նա իրավունք չի ունեցել անշարժ գույքի գրավի պայմանագիր կնքելու: Իմացա նաև, որ նա նոտարի մոտ պայմանագիրը ստորագրելու ժամանակ խաբեությամբ ստորագրել է տվել մի թուղթ, որ իմ բնակարանը գրավ դրվի «ԲՏԱ Ինվեստ» բանկում իր վերցրած 200.000 դոլար գումարի դիմաց: Ասեմ նաև, որ իմ և Արսեն Բաղրամյանի միջև բանկի մասին ոչ մի խոսակցություն չի եղել:

Այնուհետև, երբ կայացավ քրեական դատավարությունը, Արսեն Բաղրամյանը խոստովանեց, որ նա այդ ամենը կատարել է խաբեության և խարդախության միջոցով: Այն ժամանակ, երբ ընթանում էր դատական պրոցեսը, ԲՏԱ բանկը ստեղծեց ինչ-որ կազմակերպություն՝ «Սար կապիտալ» անունով, և մեր 4-ի բնակարանների փաստաթղթերը, իբր պարտքի դիմաց փոխանցեց այդ կազմակերպությանը: Որքանով ես եմ տեղյակ, եթե ընթանում է դատական պրոցես, ապա այդ պրոցեսում ներառված գույքը չի կարող փոխանցվել մեկ ուրիշ կազմակերպության:

Հետագայում, երբ որ «Սար կապիտալ» կոչված կազմակերպությունը իբր թե սնանկացել է, մեր փաստաթղթերը փոխանցվել են «Հայէկոնոմ» բանկին: Ընդ որում՝ «Հայէկոնոմ» բանկը հայտնվեց այս գործում այն բանից հետո, երբ իմ բնակարանի գործը 9 տարի ձգվելուց հետո Ընդհանուր իրավասության դատարանի, այնուհետև՝ Վերաքննիչ դատարանի կողմից 2017 թ․-ին վճռվեց իմ օգտին, ինչը «Սար կապիտալ» կազմակերպությունը չբողոքարկեց:

Այնուհետև հայտնվեց «Հայէկոնոմ» բանկը, որին փոխանցվել էին իմ տան փաստաթղթերը, և գործը բողոքարկեց Վճռաբեկ դատարան, որը 8 ամիս իր դարակներում պահելուց հետո կայացրեց գործը բեկանելու որոշում, որի մասին տեղյակ պահեց 2018 թ․-ի հուլիսի 12-ին: Նշեմ նաև, որ դատական նիստն անց է կացվել առանց ինձ:
Իսկ օրեր առաջ ոստիկանության թաղային տեսուչից զանգ ստացա, որ մեկ ամիս ժամկետում պետք է ազատեմ բնակարանս․․․

Պարոն Փաշինյան, պարոն Սանասարյան, պարոն Զեյնալյան, պարոն Թաթոյան, դիմելով ձեզ՝ խնդրում եմ հետամուտ լինել այս գործին, քանի որ այստեղ տեսնում ենք կոռուպցիոն շղթա: Իրավական տեսանկյունից պետք է այնպես արվի, որ քաղաքացին չկորցնի իր վերջին կացարանը: Ինձ ասել են, որ այդպիսի օրենք կա հարկադիր կատարման մասին օրենքում, բայց այդ օրենքը երբևէ չի գործածվել: Խաբեության զոհ հանդիսանալով՝ մենք կորցնում ենք մեր միակ կացարանը և հայտնվում անօթևան վիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել