Armtimes.com-ը գրում է.

Վայոց Ձորի Մալիշկա համայնքի ՀՀԿ-ական գյուղապետ Մհեր Մովսիսյանը թեեւ ամիսներ առաջ հրաժարական տվեց՝ մեկնաբանելով, որ չի ուզում գյուղում անախորժություններ լինեն, այնուամենայնիվ այս համայնքում կրքերը չեն հանդարտվում։

Սեպտեմբերին Մալիշկայի բնակիչները պահանջում էին գյուղապետ Մհեր Մովսիսյանի հրաժարականը, եւ չնայած վերջինս պնդում էր, որ իր դեմ բողոքի ակցիա շատ քչերն են անում, այնուամենայնիվ թողեց պաշտոնը։

Օրերս գյուղի բնակիչներից մեկը՝ Գարիկ Հակոբյանը, որն, ըստ էության, Մհեր Մովսիսյանի համակիրներից է, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ Մալիշկա համայնքի նախկին ղեկավարը հրաժարական տվեց բողոքի ակցիաներից հետո՝ ուղղակի չուզենալով հակառակ գնալ հրաժարական պահանջող մարդկանց կամքին, բայց հրաժարականից հետո էլ մինչ օրս հրահրումներ կան նախկին գյուղապետի դեմ։ Հակոբյանը չմանրամասնեց՝ մասնավորապես ինչ հրահրումների մասին է խոսքը, բայց ասաց, որ ինչ-որ անձինք, որոնք ներկայանում են հեղափոխականներ, ամեն առիթ օգտագործում են կոնֆլիկտ ստեղծելու համար, իսկ այդ մարդկանց աջակցում է Վայոց Ձորի փոխմարզպետ, ՔՊ-ական Ռազմիկ Տոնոյանը։

Կոնֆլիկտային իրավիճակն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է հենց այս հանգամանքով, որ առաջիկայում՝ փետրվարին, Մալիշկայում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ նախկին գյուղապետը եւս ցանկություն ունի առաջադրվել։

Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը, սակայն, մեր զրույցում հերքեց Հակոբյանի խոսքերը՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նման գործելաոճ չունի․

«Դրանք կեղծ լուրեր են։ Մենք անգամ դեռ չենք քննարկել՝ կուսակցությունն իր թեկնածուին առաջադրելու է առաջիկա ընտրություններում, թե ոչ։ Ովքեր էլ առաջադրվեն՝ գյուղացիներն ազատ են լինելու ընտրելու նրան, ում իրենք կցանկանան։ Թող գնան, եթե ուզեն՝ նախկին գյուղապետին ընտրեն»,-ասաց փոխմարզպետը՝ հավելելով, որ եթե փաստեր կան, թող փաստերով խոսեն։

Գյուղի մեկ այլ բնակիչ, որը ինչ-ինչ պատճառներով խնդրեց չհրապարակել իր անունը, մեր զրույցում ասաց, որ Մալիշկա գյուղը կարծես բաժանվել է երկու խմբի, եւ այդ երկու կողմերից էլ իրար դեմ լարված իրավիճակ են ստեղծել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մի կողմից նախկին գյուղապետը տարբեր շրջանակներում հայտարարել է, որ դեռ վերադառնալու է, ու հարցեր լուծի, հեղափոխականների անվան տակ հանդես եկող մի խումբ մարդիկ էլ մյուս կողմից են ցեխ շպրտում այդ մարդկանց վրա։

«Հայկական ժամանակ»-ին չհաջողվեց կապ հաստատել նախկին գյուղապետ Մհեր Մովսիսյանի հետ, քանի որ առկա հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ մեր աղբյուրի փոխանցմամբ էլ՝ Մովսիսյանը փոխել է հեռախոսահամարը։

Հիշեցնենք, որ Մհեր Մովսիսյանը որպես մեղադրյալ է ներգրավված մի քանի քրեական գործերով։

Նախ՝ ոստիկանության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից նախորդ տարվա հունիսի 27-ին հայտնել են, որ Մովսիսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր կնոջը եւ երկու որդիներին ձեւակերպել է Մալիշկայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում՝ որպես մարզիչներ, սակայն վերջիններս փաստացի չեն հաճախել աշխատանքի եւ ամսական ստացել են ընդհանուր 800.000-900.000 դրամ:

Պարզվել է նաեւ, որ 2016-2017թթ. ընթացքում Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման եւ պահպանման համար դուրս է գրվել շուրջ 29.000.000 դրամ, սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի, ինչի արդյունքում Մալիշկա համայնքի ղեկավարի կողմից յուրացվել են խոշոր գումարներ:

Նախորդ տարվա հուլիսի 17-ին էլ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել նախկին գյուղապետին այն բանի համար, որ նա, ըստ ՀՔԾ տեղեկությունների, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրակաշառք է բաժանել գյուղում՝ դրա համար թեկնածուից ստանալով 13 միլիոն դրամ։ Մովսիսյանն ապահովել է 800 ձայն, թեկնածուին վերադարձրել է 5 միլիոն դրամ։

Այս տարվա ՏԻՄ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 17-ին։ Այս պահին Մալիշկա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը Գալուստ Դովլաթյանն է։ Նրանից առաջ ԺՊ է նշանակվել եւ հրաժարական տվել նախկին գյուղապետի դեմ բողոքի ակցիա իրականացրած ոմն Հունան Հունանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել