Yerkir.am-ը գրում է.

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը պարզաբանել է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և աշխատանքային կենսաթոշակների չափը և շահառուների շրջանակը:

«2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում Կառավարության ընդունած որոշման համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կազմում են 25 500 դրամ: Սա նշանակում է, որ ավելացել է ավելի քան 64000 անձի տրամադրվող պետական նպաստի չափը:

Հարկ է նշել, որ նախկինում ծերության նպաստի չափը կազմում էր 16 000 դրամ (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ` 5693), 1-ին խմբի հաշմանդամ և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 21 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19 000 դրամ,  երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 000 դրամ (հաշմանդամության նպաստ ստացող շահառուների ընդամենը թիվը 01.01.2019թ. դրությամբ` 46975), կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 16 հազար  դրամ (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ` 11416): Երկու ծնողին կորցնելիս  կերակրողին կորցնելու դեպքում նպաստի սահմանված չափը մնացել է անփոփոխ` 80 000 դրամ»:

Տեղեկացվում է, որ 25500 դրամը 2019 թվականի համար պարենային (ծայրահեղ) աղքատության գծի  կանխատեսվող ցուցանիշն է: «Այսինքն, ձեռնարկված միջոցառումը նպատակ ունի ապահովել պարենային (ծայրահեղ) աղքատության գծին հավասար պետական աջակցության տրամադրումն այն անձանց, ովքեր ունեն ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ ստանալու իրավունք: Այսպիսով` խնդիրը ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ ստացող անձանց շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելն է,- նշված է հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է  օրենսդրական փոփոխությունից հետո 2019 թվականի հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակների չափերի ավելացմանը, ապա, նշվում է որ «2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում Կառավարությունը հավանության արժանացրեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով:

Կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու նպատակով,  որպես աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերի ավելացման շարունակական գործընթացի առաջին քայլ, նախագծով առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։

Այսինքն, օրենքով սահմանվում է «նվազագույն կենսաթոշակի չափ» հասկացությունը, որից ցածր աշխատանքային և զինվորական կենսաթոշակները լինել չեն կարող»:

Պարզաբանվել է, որ օրենքի ընդունման դեպքում կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները կավելացվեն 2019 թվականի հունվարի 1-ից:

Նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 25 500 դրամ:

«Սա նշանակում է, որ անկախ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, 25 500 դրամից ցածր կենսաթոշակները կվերահաշվարկվեն (կավելացվեն) 2019 թվականի հունվարի 1-ից և պակաս վճարված կենսաթոշակի գումարները կվճարվեն միանվագ` նոր կարգավորումներն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի հետ միասին: Օրինակ` եթե վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 18000 դրամ և նոր կարգավորումներն ուժի մեջ են մտել 2019 թվականի մարտ ամսին, ապա ապրիլ ամսվա 25500 դրամ կենսաթոշակի հետ կենսաթոշակառուին կվճարվի նաև հունվար-մարտ ամիսներին պակաս վճարված 22500 դրամը ((25000-18000)x3 ամիս):

 Տեղեկացվում է, որ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում 2019 թվականի հունվարի 1-ից 25500 դրամ են դարձել`

ա) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության 3-րդ խմբի զինվորական կենսաթոշակի չափը` նախկին 18000 դրամի փոխարեն (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ`2598).

բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 24000 դրամի փոխարեն (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ`186): Այս դեպքում երկու ծնողին կորցնելիս կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը մնացել է անփոփոխ` 80000 դրամ)»,- հայտնել են Սոցիալական ապահովության պետական ծառայությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել