Shamshyan.com-ը գրում է.

Աշխատանքային այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով ապօրինի առևտրի խնդրի կանոնակարգմանը, ընդգծել է, որ քաղաքապետարանն արդեն ոստիկանության հետ համատեղ համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրը վերացնելու նպատակով: Միաժամանակ առևտրականներին վարչական շրջանների շուկաներում ու մի շարք այլ հատվածներում առաջարկվում են այլընտրանքային տարածքներ: «Բոլոր վարչական շրջաններում այդպիսի վայրեր կան թե՛ գործող, թե՛ նոր ստեղծված, այս առումով մենք խնդիր չունենք: Այսինքն մարդիկ անգործ չեն մնա: Ուղղակի պետք է մարդկանց արդեն գնալ, զգուշացնել, բացատրել, ասել, որ սա նախ օրենքի պահանջ է, երկրորդը՝ հանրության: Մարդիկ ուզում են՝ առևտրի վայրերը ծառայեն առևտրի համար, փողոցները՝ որպես փողոցներ, և բացի այդ նաև թունավորման վտանգը կա: Ամեն ինչ վկայում է այն, որ պետք է հրատապ այս խնդիրը լուծել: Ամեն ինչ արվում է շատ բարեհամբույր, բացատրելով, նաև մարդկանց ուղղորդելով առևտրի համապատասխան վայրեր, որոնք այս պահին շատ անգամ անվճար են տրամադրվում: Տնտեսվարողները պատրաստակամություն են հայտնել մեկը՝ մեկ ամիս, մյուսը՝ երկու, դեպքեր կան անգամ վեց ամիս ժամկետով անվճար տրամադրել տարածքները, մինչև մարդիկ ընկնեն հունի մեջ և շարունակեն իրենց գործունեությունը»,- ընդգծել է քաղաքապետը: Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տոն օրերին «Շտապբուժօգնություն» ընկերությունը ստացել է 9334 կանչ, հոսպիտալացված քաղաքացիների թիվը կազմել է ընդհանուր կանչերի 18%-ը: Քաղաքապետն առաջարկել է Առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել հատուկ նորմեր՝ կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար: «Բնականաբար, կանչը մերժելու մասին չէ խոսքը: Անհետաձգելի կանչերին պետք է արագ արձագանքել, իսկ քրոնիկ հիվանդությունների դեպքում՝ կամ ուղղորդել բժշկական հաստատություններ, կամ զգուշացնել, որ մի քանի ժամից եթե մոտենանք որևէ խնդիր չի կարող լինել: Որովհետև այդ քանակությամբ կանչերը, երբ սկսում ենք սպասարկել, իրական շտապ դեպքերին սկսում ենք չարձագանքել»,- ասել է քաղաքապետը: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանի ենթակայության կրթօջախներում դասընթացի լիարժեք անցկացման համար անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովված է: Քաղաքապետ Մարությանը մի շարք հանձնարարականներ է տվել նաև բակային տարածքների բարեկարգման ծրագրի առնչությամբ: Հանձնարարվել է վերանայել խաղահրապարակների կահավորման համար համապատասխան գույքի չափորոշիչները՝ առաջնահերթ համարելով անվտանգության ապահովումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել