Tert.am-ը գրում է.

Երևանում տոնական օրերին աղբահանության կազմակերպումը կանոնակարգելու համար քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն աշխատել են 24-ժամյա ժամանակացույցով: Աշխատանքային այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, գնահատելով աղբահանության կազմակերպումը, շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շուրջօրյա աշխատանքի համար:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Տոն օրերին աղբի ծավալը մի քանի անգամ ավելանում է, այդ գիտենք բոլորս և դա ոչ միայն Երևանի խնդիրն է, այլև ամբողջ աշխարհում այդ օրերին աղբահանության կազմակերպման խնդիրներ են առաջանում: Ունեցել ենք խնդիրը, լուծել ենք, ըստ իս՝ բավարար և լավ: Հենց տեղում հետևել եմ աշխատանքների ընթացքին և համոզվել եմ, որ գիշեր-ցերեկ գործընթացն իրականացվում է: Պետք է նշեմ նաև, որ եղել է արդյունքը ավելի լավ, քան անցած տարիներին, իսկ սա նշանակում է, որ աշխատանքը կազմակերպվել է ավելի լավ, մեր աշխատակազմը զբաղվել է ավելի ինտենսիվ, սրտացավ»,- նշել է քաղաքապետը:  
 
Աղբահանության պատշաճ կազմակերպման հարցում քաղաքապետը կարևորել է նաև մայրաքաղաքում աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովումը: Կատարված դիտարկումների համաձայն այսօր մայրաքաղաքում 5200 աղբաման կա, սակայն գործընթացի լիարժեք կազմակերպման համար դրանց թիվը պետք է հասնի 8000-ի: Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է քայլեր ձեռնարկել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ: Բացի այդ, հանձնարարվել է ավագանու հետ համատեղ աշխատանքներ տանել անհրաժեշտ նորմերի մշակման ուղղությամբ, որպեսզի տնտեսվարողներն այսուհետ ստվարաթղթե տուփերը աղբամաններում թափելու փոխարեն տեսակավորեն դրանք և հանձնեն մշակմամբ զբաղվող ընկերություններին, ինչը նաև իրենց համար է շահավետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել