Էնդրյու և Էբի Բորդենների արյունահեղ սպանության մասին լուրերը մեծ արագությամբ տարածվեցին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ֆոլ-Ռիվեր քաղաքում 125 տարի առաջ, և մինչ օրս այն հանգիստ չի տալիս ամերիկացիներին։ Ողբերգությունը տեղի է ունեցել ընտանիքի տանը. փոքր դուստր Լիզին իր ծնողներին հայտնաբերեց սպանված։ Հենց նա էլ դարձավ գլխավոր կասկածյալ։

Լիզի Բորդեն անունը վաղուց մեծ տարածում ունի կրիմինալիստիկայում։ Այդպես է ընդունված անվանել սերիական մոլագարներին։ Քանի որ Լիզիի մեղքը դատարանում ապացուցված չէր, երկար քննություններից հետո նրան արդարացրին։ Սակայն շատերը մինչ օրս վստահ են, որ հենց այդ աղջնակն է գազանաբար սպանել հորն ու խորթ մորը՝ կացնահարելով նրանց։

Չնայած այն ամենին, ինչը կատարվել էր Բորդենների տանը, Լիզին ողջ կյանքում ապրել է Ֆոլ-Ռիվերում, երբեք ամուսնացած չի եղել և մահացել է 66 տարեկան հասակում թոքաբորբից։

Լիզիի մանկությունն ու դեռահասությունը հանգիստ են ընթացել։ Նա ուներ հավասարակշռված բնավորություն, հավատացյալ էր և օգնում էր քրիստոնյա համայնքին։ Կարող է պատահել, որ հենց դա է պատճառը, որ դատավորները նրան ներողամտորեն էին վերաբերվում։ Միաժամանակ նրա հարաբերությունները ծնողների հետ լավ անվանել չէր կարելի. նա ակնհայտորեն հակակրանք էր տածում միլիոնատեր հոր հանդեպ, ինչպես նաև վախենում էր, որ հայրը ողջ ունեցվածքը կթողնի իր երկրորդ կնոջը՝ Լիզիի խորթ մորը։ Բացի դրանից՝ աղջիկը նաև նեղացած էր հորից։ Աղջնակի սիրելի զբաղմունքներից մեկն աղավնիների հետ խաղալն էր։ Տղաների հետ նա ժամանակ առ ժամանակ փախչում էր տնից մոտակա այգիներում աղավնիներին նայելու համար։ Հորն այս ամենը դուր չէր գալիս, և մի անգամ նա կացնով սպանեց բոլոր թռչուններին։ Նեղացած լինելով՝ Լիզին հեռացավ հայրական տնից։

Աղջիկը վերադարձավ որոշ ժամանակ անց, և դրանից մի քանի օր անց Բորդենների տանը հայտնաբերվեցին ծնողների կացնահարված դիերը։ Երբ հանցագործության վայր հասավ ոստիկանությունը, աղջիկը հանգիստ պատմեց, որ զբաղվում էր տնային գործերով, երբ լսել է տարօրինակ ձայներ, մտել է սենյակ և տեսել է արնահոսող հորը։

Չնայած այն բանին, որ տանը Լիզից և տնային ծառայողից բացի ոչ ոք չկար, ոստիկանությունն միանգամից չէ, որ կասկածեց աղջկան։ Լիզին հաջորդ օրը հասցրել էր այրել հագուստը (դա ավելի ուշ պատմել է աղջկա ընկերուհին, ով մնացել էր գիշերելու աղջկա հետ ողբերգությունից հետո), հետևաբար ուղիղ կասկածներ նրա դեմ լինել չէին կարող։ Դատավորներին չանհանգստացրեց նաև այն փաստը, որ սպանության նախօրեին Լիզին գնացել է դեղատուն, որպեսզի ուժգին թույն գնի, սակայն դեղատան աշխատողը դա նրան չի վաճառել։

Դատավարության ընթացքում Լիզիին տրամադրվել էին երեք լավագույն փաստաբանները, և դատական կոլեգիան որոշում ընդունեց արդարացնել նրան։ Այն բանից հետո, երբ հարցը լուծվեց, Լիզին վաճառեց հայրական տունը, նորը գնեց և տեղափոխվեց այնտեղ հարազատ քրոջ հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել